2024 թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ Գանձաքարի միջնակարգ դպրոցում իրականացվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 11 աշակերտներ:

Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Աբազյանը («ՀԼԳ» II կուրս) և 2 անդամ՝ Նոննա Մելիքբեկյանը («ՀԼԳ» II կուրս), Լիլիթ Թամրազյանը («Պատմություն» II կուրս):

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան երկրորդ փուլում շարունակելու խաղը:

Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Արսեն Աղաջանյանը, Արամ Արզումանյանը և Շուշան Մեհրաբյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Պայքարը շատ թեժ էր:

Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Շուշան Մեհրաբյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գեղարվեստական գրքով (Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպը):

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Արամ Արզումանյանը և Արսեն Աղաջանյանը՝ պարգևատրվելով պատվոգրերով:

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները կմասնակցեն ԵՊՀ ԻՄ-ում կայանալիք եզրափակիչ փուլին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նմանատիպ նախաձեռնությունների հիմնական նպատակն է մոտիվացնել աշակերտներին լավ սովորել և բազմակողմանիորեն  զարգանալ, ինչպես նաև ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

2

Опубликовать материал
©2024 Все права защищены.