- Главная
- Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը
2024 թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:
Օլիմպիադան, որն ինտելեկտուալ մրցույթ է բուհի դիմորդների միջև, նախատեսված էր անցկացնել հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետություն և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն»): «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր իրականացնել մեկ փուլով՝ ապրիլի 6-ին:
Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 12-րդ դասարանի 153 աշակերտ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու Վահան Աղաբաբյանը, մասնակիցներին ողջունելով, նրանց ներկայացրեց անցկացման կարգը և հաջողություն մաղթեց գիտելիքների այս ստուգատեսում:
I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ: