- Главная
- Տնօրենության նիստ
2024 թ. փետրվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվեցին 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանի արդյունքներին (առանց լուծարքային շրջանի), 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրմանը (ներառյալ՝ Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան), 2024 թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, 2023-24 ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրներին, ավարտական աշխատանքների կատարման ընթացքին, ուսանողների իրավունքների վերականգնման գործընթացին, հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպմանը վերաբերող օրակարգային հարցերը:
2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) արդյունքներն ամփոփելիս նշվեց, որ ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննաշրջանն իրականացվել է 2024 թ. հունվարի 10-30-ն ընկած ժամանակահատվածում: Այն անցկացվել է սահմանված կարգով, բողոքարկումներ չեն եղել: Քննաշրջանին մասնակցել է 656 ուսանող: 2023-24 ուստարում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 73.3 % (նախորդ ուստարում՝ 71.4 %):
Տնօրենության անդամների կողմից հավանության արժանացան 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների համար ֆակուլտետների կողմից առաջարկված թեկնածությունները: Մասնաճյուղում մրցութային կարգով տրվող անվանական կրթաթոշակների համար ֆակուլտետների կողմից ներկայացված թեկնածուների ընդհանուր ցանկից, ըստ կարգի, ընտրվեցին ամենաբարձր առաջադիմությամբ ուսանողները:
Մյուս հարցի կապակցությամբ քննարկվեցին դեկանների կողմից ըստ մասնագիտությունների ներկայացված 2024 թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Պարոն Մակարյանը դեկաններին հանձնարարեց առաջադրված թեկնածուների հետ ձեռք բերել վերջնական պայմանավորվածություն՝ սեղմ ժամկետներում նրանց թեկնածությունները հաստատման ներկայացնելու նպատակով:
2023-24 ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրների մասին զեկուցեցին Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչը և Ուսումնամեթոդական վարչության պետը՝ անդրադառնալով այդ համակարգերում աշխատանքի ընթացքում առաջացած տեխնիկական ու ծրագրային խնդիրներին և խոչընդոտներին, դրանց արդեն տրված կամ առաջարկվող լուծումներին:
2023-24 ուստարվա ավարտական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք ըստ կուրսերի ներկայացրին աշխատանքների կատարման ընթացքը՝ նշելով, որ թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում աշխատանքները պատշաճ կերպով իրականացվում են, ուսանողները համապատասխան ցուցումների, խորհրդատվության և շտկումների համար հանդիպում են ղեկավարների հետ: Աշխատանքների իրականացման ընթացքը զեկուցողները բավարար համարեցին:
Տնօրենը դեկաններին հանձնարարեց նաև հետևողական լինել, որ աշխատանքների կատարման ընթացքի մասին ամբիոններում առկա մատյանները ղեկավարների և ուսանողների կողմից պատշաճ լրացվեն:
Հաջորդիվ ներկայացվեց, որ իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 6 նախկին ուսանողներ, որոնցից 1-ը առկա ուսուցման համակարգից է, 5-ը՝ հեռակա (այդ թվում՝ 1-ը՝ մագիստրատուրայից):
Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները: Որոշվեց ԵՊՀ ԻՄ 6 նախկին ուսանողներին թույլատրել վերականգնելու իրենց ուսանողական իրավունքները:
Հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի մասին մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ա. Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2024 թ. մարտի 12-ից կմեկնարկի այս կիսամյակի հեռակա ուսուցման ուսումնական գործընթացը, որի համար իրականացվել են դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ կապված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Ըստ այդմ՝ մասնաճյուղը պատրաստ է սկսելու 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի դասերը:
Նիստում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ում ներհամալսարանական փորձնակության ծրագիր (ինտերնշիփ) իրականացնելու հնարավորության, «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ անցկացվող պրակտիկաների փորձի մասին ընթացիկ հարցերը:
ԵՊՀ ԻՄ-ում ներհամալսարանական փորձնակության ծրագիր (ինտերնշիփ) իրականացնելու հնարավորության հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Մ. Հովհաննիսյանի՝ ստորաբաժանումների ղեկավարներին ուղղված շրջաբերականի համաձայն՝ ԵՊՀ-ն մեկնարկում է ներհամալսարանական փորձնակության ծրագիր, որի նպատակն է ուսանողներին ներգրավել համալսարանի համար կարևոր նախաձեռնությունների և ընթացիկ աշխատանքների իրականացման գործընթացներում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է, որ մինչև ս.թ. մարտի 1-ը ԵՊՀ բոլոր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացնեն իրենց ստորաբաժանումներում առկա փորձնակության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն:
ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչին հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին ուղարկել բաժնի կողմից մշակված ԵՊՀ ԻՄ-ում լրացուցիչ պրակտիկաների իրականացման աշխատակարգը, որպեսզի դրանից ելնելով՝ ստորաբաժանումների ղեկավարներն ուսումնասիրեն առկա հնարավորությունները և սեղմ ժամկետներում ներկայացնեն համապատասխան առաջարկություններ:
«Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ իրականացվող պրակտիկաների փորձի մասին նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում 2021-22 ուստարվանից իրականացվում է «Պատմություն» կրթական ծրագրի մասնագիտական պրակտիկան:
2021-22 ուստարում մասնագիտական պրակտիկայի ժամանակ ուսանողները պատրաստել են 8-ական հոդված՝ հայոց պատմության և պատմական աշխարհագրության թեմաներով: 2022-23 ուստարում «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ են իրենց պրակտիկան իրականացրել ոչ միայն «Պատմություն», այլև «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները, որի ընթացքում նրանք պատրաստել են 6-ական հոդված՝ հայ ժողովրդի պատմության և հայ գրականության տարաբնույթ թեմաներով:
2023-24 ուստարում իրենց պրակտիկան «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ անցկացնում են Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 4 կրթական ծրագրերի («Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն») ուսանողները:
«Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի ուսանողները կատարելու են թարգմանություններ համապատասխանաբար անգլերենից և ֆրանսերենից, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները պատրաստելու են 6-ական հոդված հայ նշանավոր գրողների ու նրանց ստեղծագործությունների վերաբերյալ:
«Պատմություն» կրթական ծրագրի մասնագիտական պրակտիկայի ծրագիրն ավելի հագեցված է. պրակտիկայի շրջանակներում ուսանողներն իրականացնելու են մի քանի տեսակ աշխատանքներ: Օրինակ՝ բազմազանացվել է թեմատիկան, ընտրվել են թեմաներ հիմնական ուղղություններից. եթե նախորդ 2 տարիներին ուսանողները հոդվածներ են գրել հայոց պատմության շրջանակներում, ապա այս տարի գրելու են և՛ հայոց պատմությունից, և՛ ազգագրությունից, հնագիտությունից, Ռուսաստանի պատմությունից, համաշխարհային պատմությունից: Զեկուցող Ն. Գրիգորյանը նաև տվեց «Պատմություն» կրթական ծրագրի մասնագիտական պրակտիկայի հիմնավորումը՝ ներկայացնելով, թե այն ինչ կրթական վերջնարդյունքներ է ձևավորելու: