- Главная
- Այսօր Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է
2024 թ. հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրն է, որի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք հայ ագին, մեր բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայական անձնակազմ…
Բանակի օրը հնարավորություն է վերստին հիշելու և արժևորելու, մեր խորին խոնարհումն ու երախտագիտությունն արտահայտելու բոլոր ազատամարտիկներին, Հայոց բանակի ստեղծման և կայացման բոլոր երախտավորներին, հայրենի հողի սուրբ պաշտպաններին, բոլոր զինծառայողներին, մեր այն համալսարանականներին, ովքեր Արցախյան պատերազմների օրերին աննկուն պայքար մղեցին հանուն հայրենիքի, մեր երկրի պաշտպանության, հանուն սեփական հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր իրավունքի…
Հայոց բանակը ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:
1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվել է Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվել են վաշտեր: 1991 թ. կառավարության որոշմամբ ստեղծվել է նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն: 1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության մասին որոշում:
1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ:
1994 թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:
2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:
Կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ Հայոց բանակին ցանկանում ենք հզորացում, բարձր մարտունակություն և հաղթանակներ, մեր բանակի քաջարի արծիվներին՝ փառք ու պատիվ, հաղթական ոգի և տոկունություն, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ…