- Главная
- ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Սիրելի՛ համալսարանականներ և հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, ցանկանում, որ գալիք 2024 թվականը լինի խաղաղության, արարման և ստեղծագործ աշխատանքի, երջանկության և հաջողության, միասնականության, համազգային գաղափարների և բարձր նպատակների իրականացման, մեր երկրի հզորացման և առաջընթացի տարի…
ԵՊՀ ԻՄ գործող ռազմավարությունից ելնելով՝ Մայր բուհի և Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց համատեղ աշխատանքով նպատակաուղղված են ստեղծելու կրթական այնպիսի միջավայր և պայմաններ, որոնցում գերակայող են ուսանողի հաջողության, մատչելի կրթության, ժողովրդավարական միջավայրի, ակտիվ համագործակցության, նորարարության ու ստեղծարարության հիմնարար արժեքները:
Այդ ճանապարհին կարևոր հանգրվան էր 2023 թվականը՝ ռազմավարական 3 նպատակներից (բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում) բխող ուսումնագիտական, մշակութային և մարզական մի շարք միջոցառումների և ծրագրերի իրականացմամբ:
Մասնաճյուղային և մարզային, հանրապետական և միջազգային բնույթի այդ նախաձեռնությունների իրականացման գործում ԵՊՀ ԻՄ-ին աջակցելու համար բուհի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը, մարզային և համայնքային իշխանություններին, մեր գործընկերներին: Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հոգու լույս և ջերմություն, խաղաղություն և ամենայն բարիք…
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,
ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյան