2023 թ. նոյեմբերի վերջին ամփոփվեցին ս.թ. նոյեմբերի 18-ին Ուրալի պետական համալսարանում մեկնարկած «Ռուսական տարածաշրջանները փոփոխման կենտրոնում» թեմայով միջազգային XVIII համաժողովի արդյունքները, որին մասնակցել և առաջին կարգի դիպլոմների են արժանացել մեր ուսանողները՝ ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը:
Միգրացիոն գործընթացների ուսումնասիրությանն ուղղված միջազգային համաժողովում ընդգրկված էին առավելապես հայցորդներ, պրոֆեսորներ, դոկտորներ, գիտությունների թեկնածուներ և քիչ թվով ուսանողներ, որոնց մեջ էին մասնաճյուղի ուսանողները:
Միջազգային համաժողովում ԵՊՀ ԻՄ ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը ներկայացրին «Միգրացիոն գործընթացները և միջմշակութային հաղորդակցությունը գլոբալ մարտահրավերների պայմաններում» և «Հուզական ինտելեկտը որպես ուսուցման գործընթացի անհրաժեշտ պայման» թեմաներով զեկուցումներ՝ ստանալով առաջին կարգի դիպլոմներ:
Մարիամ Դարբինյանը և Նազելի Եսայանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով համաժողովին իրենց մասնակցությանը և գրանցած հաջողություններին, խորին շնորհակալություն հայտնեցին համաժողովի կազմակերպիչներին և իրենց գիտական ղեկավար, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ԲԳՌԱ) պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին՝ համաժողովին մասնակցելու հրաշալի հնարավորության և դրա նախապատրաստման գործում անփոխարինելի աջակցության համար:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում: