2023թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչական խումբը՝ կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ուսումնական ծրագրերի համակարգողներ Արուս Հակոբյանը և Լիլիթ Պողոսյանը:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ պատվիրակության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մասնաճյուղի ուսանողների հետ նախատեսված հանդիպման մանրամասները:   

Ներկայացվեց, որ հարկային բարեփոխումների իրականացման հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը նախաձեռնել է համալսարանների ուսանողների հետ հանդիպումների շարք, որի նպատակն է ուսանողներին իրազեկել Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և պրակտիկա ստանալու, օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերի և ուղիների մասին:

Այս ձևաչափով առաջին հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» և Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ և շրջանավարտներ:

Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը ուսանողներին ներկայացրեց ՊԵԿ համակարգում առկա ծրագրերը և հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական հատուկ հմտությունների զարգացմանը և փորձի ձեռքբերմանը:

Արթուր Հակոբյանը ներկայացրեց իր փորձը՝ կենտրոնանալով ՊԵկ հարկային ոլորտին վերաբերող գործառույթների վրա, իսկ Լիլիթ Պողոսյանն անդրադարձավ Ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին:

ՊԵԿ ներկայացուցիչները փաստեցին, որ պետական համակարգում աշխատելու կարևոր շարժառիթներից է պետականամետ գործունության իրականացումը և պետության զարգացման գործում սեփական ներդրման գիտակցումն ու պատասխանատվության ստանձնումը:

Опубликовать материал
©2024 Все права защищены.