2023թ. հոկտեմբերի 12-13-ը ԵՊՀ ԻՄ-ում անցկացվեցին 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցացրույցները և քննությունները՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» և «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերով:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար լիցենզիայով սահմանված էր 25 տեղ: Մասնաճյուղում առաջին տարին ներդրված «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունվելու համար ստացվել էր 15 դիմում, իսկ արդեն երրորդ տարին գործող «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունվելու համար՝ 20 դիմում:

Ըստ գործող կարգի՝ ընդունելությունը կազմակերպվում է երկու ձևով (հարցազրույց և քննություն): Այս տարի մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության, մասնակցել է 2 մագիստրոսական ծրագրերից 1-ական դիմորդ, մյուսները հանձնել են ընդունելության քննություն:

«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահում էր ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գարիկ Աշոտի Սիրոյանը: Քննությանը մասնակցել է 12 դիմորդ (2 դիմում մերժվել է մանդատային հանձնաժողովի կողմից, 1 դիմորդ չի ներկայացել). 1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Առավել գոհացնող են «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության քննության արդյունքները: Քննությանը մասնակցել է 18 դիմորդ (1 դիմում մերժվել է մանդատային հանձնաժողովի կողմից, 1 դիմորդ չի ներկայացել). 7-ը ստացել է «գերազանց», 11-ը՝ «լավ»:

«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի դիմորդների պատրաստվածության բարձր մակարդակի մասին մեզ հետ զրույցում փաստեց նաև քննական հանձնաժողովի նախագահը՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր, մ.գ.դ., ԵՊՀ ԻՄ տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հայկ Հմայակի Պետրոսյանը. «Քննությանը մասնակցած դիմորդները դրսևորեցին պատրաստվածության բարձր մակարդակ՝ ցույց տալով, որ ընտրած մասնագիտության գծով տիրապետում են ձևավորված որոշակի կարողությունների և մոտիվացված են աշխատելու մանկավարժության բնագավառում»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով մասնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Опубликовать материал
©2024 Все права защищены.