2023թ. սեպտեմբերի 8-ին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ տիկին Վերոնիկ Նուեն ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրով վճարովի ուսուցման համակարգում սովորող տասներկու ուսանողներին հանձնեց կրթաթոշակներ:

Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն արդեն երկրորդ անգամ է մասնաճյուղում (http://ijevan.ysu.am/04-03-2023/)՝ ուսանողների համար սեպտեմբերի 5-23-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսերենի բանավոր հաղորդակցման հմտությունները զարգացնող դասընթաց վարելու նպատակով: Տիկին Նուեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելության շրջանակներում ստանձնել էր նաև «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության կողմից մեր ուսանողներին տրվող կրթաթոշակները հանձնելու առաքելությունը:

Վ.Նուեն կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներ Մալվինա Գագիկի Խաչինյանին, Անուշ Արտակի Ղալթախչյանին, Հասմիկ Նվերի Ջանինյանին, Սվետլանա Արսենի Գասպարյանին, Անահիտ Նիկոլայի Միսկարյանին, Վանուհի Ռոբերտի Մկրտչյանին, Աննա Լևոնի Շահնազարյանին, Կարինա Մհերի Սաքանյանին, Մերի Արսենի Առաքելյանին, Մարիետա Կարենի Գուլլակյանին, Դիանա Գագիկի Գուլումյանին, Սեդա Արմանի Ենգիբարյանին:

Համալսարանականներն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության նախագահ տիկին Պոլետ Կուտանին՝ մասնաճյուղի հետ երկարատև համագործակցության, պարբերաբար կրթաթոշակներ տրամադրելու համար, ուսանողները նաև խոստացան լինել ֆրանսերենի դեսպանները Տավուշի մարզում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև համագործակցությունը ծավալվել է դեռևս 2012 թվականից, երբ նույն թվականի սեպտեմբերի 28-ին մասնաճյուղ այցելած միության անդամներ Պոլետ Կուտանը և Բեռնար Կուտանը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել ԵՊՀ ԻՄ-ի կողմից: 2021թ․ հոկտեմբերի 2-ին էլ մասնաճյուղի և միության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ ֆրանսիական կողմը շարունակելու է կրթաթոշակներ հանձնել ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, ովքեր կնպաստեն մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի տարածմանը:

Опубликовать материал
©2024 Все права защищены.