Ուսումնամեթոդական վարչության ու Մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժնի կողմից այս տարի արդեն հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնք շատ կարևոր են մասնաճյուղի համար և կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մայիսին իրականացվեց 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»:

Հանձնաժողովների նախագահների արտահայտած կարծիք-տեսակետների համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ում 2022-2023 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը բուհի ղեկավարության, վարչական համապատասխան ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից կազմակերպվել էր պատշաճ կարգով, ժամանակացույցներին, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչներին համապատասխան:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Լաուրա Համբարձումի Պետրոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 6 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ շրջանավարտներն ունեն բարձր պատրաստվածություն և մեծ ներուժ՝ հոգեբանության դաշտում հետազոտությունները շարունակելու առումով: Բարձր է գնահատվել շրջանավարտների կողմից սեփական տեսակետների պաշտպանության կարողությունների, մասնագիտական գիտելիքների և պատկերացումների, դատողությունների դրսևորման, հաղորդակցման կարողությունների մակարդակը:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ հետազոտական աշխատանքները մեթոդական տեսանկյունից լինեն առավել հիմնավորված, իսկ աշխատանքների թեմաները՝ առավել կոնկրետ: Նախագահը հետազոտական ռազմավարությունը կատարելագործելու, ինչպես նաև աշխատանքների պաշտպանության ընթացքում ղեկավարների ներկայությունն ապահովելու ցանկություն է հայտնել:

«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ. Ավետիս Հմայակի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 7 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել շրջանավարտների կողմից մասնագիտական գիտելիքների և պատկերացումների դրսևորման, դրանց կիրառման կարողությունների, ինչպես նաև իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու կարողությունների մակարդակը: Ըստ նախագահի՝ ցանկալի կլիներ, որ ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և հաստատման ժամանակ որոշակի ուշադրություն դարձվեր հայոց պատմության հին և միջնադարյան ժամանակաշրջանի թեմաներին, իսկ պաշտպանության ժամանակ ուսանողներն իրենց դրսևորեին ավելի անկաշկանդ:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական, տ.գ.թ., դոցենտ Անահիտ Զարզանդի Ոսկանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքների մեջ գործնական թիրախային առաջարկները թույլ էին ներկայացված: Ցանկալի կլիներ՝ միջազգային փորձի հստակ օրինակների համատեքստում ներկայացված լինեին եզրակացությունից բխող արդյունքները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահը, կարևորելով մասնավոր հատվածի ուսումնասիրություններն ու առաջարկները, նախընտրելի է համարել դրանք ավելի շատ ներառել ավարտական աշխատանքներում: Առաջարկվել է լավագույն աշխատանքներից ձևավորել գիտական հոդվածներ (համահեղինակներով), որոնք կօգտագործվեն հաջորդ ավարտական տարվա համար:

«Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., դոցենտ Նաիրա Երվանդի Դալյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 3 շրջանավարտ. 2-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահը հետագա բարելավման ուղղությամբ առաջարկել է խորացնել ռուսերենի և ռուս գրականության վերաբերյալ հիմնարար տեսական գիտելիքները, ուշադրություն դարձնել աշխատանքների մեջ ժամանակակից մեթոդիկայի տեսակետից թեմաները ներկայացնելու ձևաչափերին ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու գործընթացում, ավելի շատ աշխատել շրջանավարտների բանավոր խոսքի ձևակերպման հմտությունները զարգացնելու վրա: Ընդհանուր առմամբ գոհունակություն է արտահայտվել ամփոփիչ ատեստավորման գործընթացի վերաբերյալ, ընդգծվել, որ այն կազմակերպվել էր համաձայն գործող կարգի և սահմանված կանոնակարգի, քննությունն արտացոլում էր մասնագիտությանը ներկայացվող հիմնական պահանջները:   

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Արմենի Հարությունյանը:

«Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 21 շրջանավարտ. 15-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 6 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ գերազանց գնահատված աշխատանքներում առկա էր վերհանված խնդիրների մանրազնին վերլուծություն, ուսանողների գերիշխող մասը կարողացավ հստակ ներկայացնել ուսումնասիրման արդյունքները: Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավարտական աշխատանքների բովանդակությունը ներկայացնելիս տեսասահիկներում նվազագույնի հասցնել տեքստային բաղադրիչը, ավելի մեծ ուշադրություն դարձնել շրջանավարտների փոխանցելի հմտությունների զարգացմանը:

«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Նունե Յուրիի Աղբալյանը:

«Դիզայն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 9 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կարելի էր լրացնել մոդելների էսքիզները՝ ճեպանկարները հիմք ընդունելով, ինչպես նաև կարված հագուստի համալիրներում կատարել անհրաժեշտ լրացումներ (գլխարկները, կոշիկները, նորաոճ գաջետների պատյանները), ավելի մեծ ուշադրություն դարձնել արդիական նյութերի և տեխնոլոգիաների ուսումնասիրության (դասավանդել նյութաբանության վերաբերյալ առարկա), զարդերի ժամանակակից լրացումների վրա: Առաջարկվել է նաև կազմակերպել հայերենի ուսուցման դասընթացներ՝ խմբագրման ու սրբագրման աշխատանքին ծանոթանալու նպատակով, գիտելիքներ ձեռք բերելու համար օգտագործել ավելի շատ գրքեր, ոչ թե կայքեր:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 8 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է պորտֆոլիո ներկայացնելու ժամանակ առանձնացնել ոգեշնչման աղբյուրը՝ տեսական և գործնական տեսանկյունից, խմբագրել, սրբագրել բոլոր գլուխները, ներկայացնել հավելված, որտեղ կարելի է տեղադրել աղյուսակներ, ձևաններ, գունապնակը և հղումները: Ըստ նրա՝ վերլուծությունները պետք է ավելի հիմնավորված լինեն և արտացոլեն հեղինակի սեփական կարծիքը այս կամ այն հարցի շուրջ: Առաջարկվել է ավելի շատ ուշադրություն դարձնել հայերենը գրագետ օգտագործելու, թարգմանությունները խմբագրելու և սրբագրելու վրա:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Գերասիմի Մնացականյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 17 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է արտահայտել ուսումնառության ընթացքում շրջանավարտների ձեռք բերած գիտելիքների մակարդակի մասին, ընդգծել, որ նրանք համապատասխանում են աշխատաշուկայի արդի պահանջներին: Ըստ նախագահի՝ ցանկալի կլինի, որ ավարտական աշխատանքների թեմատիկան ունենա կիրառական նշանակություն որևէ խնդրի կամ զարգացման ուղղությունների վերաբերյալ:

«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Վոլոդյայի Գալստյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքների թեմաներն արդիական էին, աշխատանքները շարադրված էին գրագետ և բավարարում էին ներկայացվող պահանջները: Ըստ նախագահի՝ ամբիոնն զգալի աշխատանք է իրականացրել: Բարձր է գնահատվել շրջանավարտների մասնագիտական բազային գիտելիքների, մտածական և հաղորդակցական կարողությունների դրսևորման մակարդակը, նրանց կողմից արդի տեսական գրականության և բնագրային աղբյուրների ուսումնասիրման փաստը: Ընդգծվել է, որ շահեկան է պաշտպանությանը ներկայանալ գեղեցիկ սահիկաշարով:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ուսանողները բավականին լավ ներկայացրին իրենց աշխատանքները. նրանք տիրապետում էին մանկավարժական հետազոտական աշխատանք կատարելու մեթոդաբանությանը: Թեմաների աշխարհագրությունը բավականին լայն էր և արդիական: Նախագահը հատկապես կարևորել է աշխատանքներում գրականության ընտրությունը, սկզբունքայնությունը: Ըստ նրա՝ ցանկալի կլիներ ավելի շատ ուշադրություն դարձնել աշխատանքի գիտական ապարատին՝ արդիականության, նպատակի, խնդիրների ձևակերպմանը, ժամանակակից գիտամանկավարժական գրականության ուսումնասիրությանը, հետազոտություն կատարելիս մեթոդների, գործիքների ուսումնասիրությանը և կիրառությանը, տեսությունը և պրակտիկան համատեղել հետազոտական աշխատանքներում:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արևշատ Գուրգենի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 11-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ցանկալի է, որ առաջադրված աշխատանքների թեմաները լինեն արդիական և կիրառական: Ըստ նրա՝ առկա էին նորարարական աշխատանքներ:  

Նախագահը «լավ» է գնահատել շրջանավարտների կողմից մասնագիտական գիտելիքների և պատկերացումների դրսևորման, դրանց կիրառման, դատողություններ անելու, հաղորդակցման կարողությունների, ինչպես նաև ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Իբրև ամփոփում՝ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում ենք 2023 թ. մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ, իրենց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների լիարժեք և նպատակային կիրառում, ամենալավն ու բարին:

Опубликовать материал
©2024 Все права защищены.