ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. ապրիլի 29-ին առցանց միանալու հնարավորությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը: Նիստին մասնակցում էր նաև Գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերա­պատրաստման՝ 2023-2026 թթ. ծրագրի իրակա­նացման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցված­քն ու բովանդակությունը, ԵՊՀ ԻՄ-ում ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումները, ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման (նոր խմբագրությամբ) ու լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների իրականացման կարգերը:

Նիստի ընթացքում նաև քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների, ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթում (2022թ․ մարտի 12, որոշում 58/5) շահած հետազոտական թեմաների իրականացման, ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցող Ն.Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ-ի գիտխորհրդի՝ փետրվարի 9-ի նիստում հաստատվել է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման նոր՝ 2023-2026 թթ. ծրագիրը և դրա իրականացման կարգը, որի հիման վրա Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը մշակել է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման՝ 2023- 2026 թթ. ծրագրի իրականացման կարգը:

Կարգում ներկայացված են վերապատրաստման ծրագրի կազմակերպման և դասընթացներին դասախոսի մասնակցության, դասախոսի ատեստավորման կարգը, վերապատրաստման ծրագրի իրականացման ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները, պրոֆեսորադասախոսական կազմի՝ 2023-2026 թթ. վերապատրաստման ծրագիրը՝ հիմքերը, նպատակն ու խնդիրները, ակնկալվող կարողունակությունները, ծրագրի կառուցվածքը:

Ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ-ի կազմակերպած վերապատրաստումներին դասախոսը մասնակցում է կամավոր: ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական համակազմի ատեստավորում անցած և 20 միավորը հաղթահարած դասախոսների համար սույն կարգով նախատեսվում է աշխատավարձի բարձրացում մինչև 30%:

Հաջորդիվ ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքի և բովանդակության ղեկավար ձեռնարկները, որոնք սահմանում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը, ընդհանուր բովանդակությունն ու ուսանողի բեռնվածությունը:

Նոր պահանջների համաձայն՝ նախատեսվում են բավականին շատ փոփոխություններ: Կրճատվում է ուսանողների լսարանային շաբաթական ծանրաբեռնվածությունը (1-4-րդ կիսամյակներում՝ 22 ժամ, իսկ 5-7-րդ կիսամյակներում՝ 20 ժամ): Սահմանափակվում է դասընթացների քանակը՝ ըստ կիսամյակների. 1-4-րդ կիսամյակներում ընդհանուր դասընթացների թիվը չպետք է գերազանցի 7-ը, 5-րդ կիսամյակում՝ 6-ը, 6-8-րդ կիսամյակներում՝ 5-ը (ներառյալ պրակտիկաները) և այլ փոփոխություններ:

ԵՊՀ ԻՄ-ում ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումների կապակցությամբ նշվեց, որ ելնելով ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ՌԾ-ի 1-ին նպատակի 1-ին խնդրի 7-րդ գործողության իրականացման հանձառությունից՝ ԿԲԴՎ բաժինը մշակել է «Ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» ուղեցույցը: Դրանում ներկայացված է ինքնուրույն աշխատանքի 20 ձև, այդ աշխատանքների կատարման ժամանակ ուսանողի և դասախոսի դերերը, պարտականություններն ու աշխատանքների գնահատման չափանիշները: Ուղեցույցը հավանության է արժանացել Որակի կառավարման հանձնաժողովի կողմից:

Զեկուցող Մ.Ճաղարյանը ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կարգի (նոր խմբագրությամբ) վերաբերյալ նշեց, որ հաստատման ներկայացված փաստաթուղթը ԵՊՀ ԻՄ-ի՝ 2014թ․ հոկտեմբերի 17-ի գիտխորհրդի նիստում հաստատված և 2023թ․ մարտին ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կողմից վերանայված ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կանոնակարգն է:

Այն վերանայել է ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը՝ հիմք ընդունելով ամբիոնների վարիչների հետ քննարկումների ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված գործող կանոնակարգի Հավելված 1-ում ներկայացված դասալսման հարցաթերթում ներառված հարցերի մեծ քանակության հետ:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացված դասալսման հարցաթերթի և արդյունքների վերլուծության գրանցման թերթի վերջնական տարբերակը կազմվել է ամբիոններում իրականացված քննարկումների միջոցով հավաքագրված առաջարկությունների հիման վրա: Հարցաթերթից բացի՝ վերանայվել է նաև կանոնակարգը, և դրանում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

ԵՊՀ ԻՄ-ում լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների իրականացման կարգի մասին նշվեց, որ տվյալ կարգը ևս մշակել է ՄԿՈԱ բաժինը՝ ելնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-26 թթ․ զարգացման ՌԾ-ի 3-րդ նպատակի (Հանրային ներգրավում) 3․1 խնդրի (Լրացուցիչ կրթական ծրագրեր) գործողությունների իրականացման պահանջներից:

Փաստաթուղթը մշակվել է «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման» և «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման» ՀՀ կարգերի (ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1062-Ն  Որոշում) հիման վրա:

Տրված կարգը սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ընթացակարգը: Մասնաճյուղում լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակն է զարգացնել մասնաճյուղի հանրային ներգրավվածությունը, աջակցել տարածաշրջանի հասարակության լայն խավերին, հնարավորություն տալ ձևավորելու, կատարելագործելու, արդիականացնելու և լրացնելու մինչ այդ ձեռք բերած իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին ևս զեկուցեց Մ.Ճաղարյանը: Նա նշեց, որ Գիտխորհրդի քննարկմանն են ներկայացվել 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում տարբեր կրթական ծրագրերով մասնաճյուղի 4 ֆակուլտետների 31 մասնագիտական դասընթացների շրջանակներում իրականացված հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքները և դրանց վերլուծությունը:

Առաջնորդվելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-26 թթ. զարգացման ՌԾ-ի համապատասխան գործողության կատարաման անհրաժեշտությամբ (1․2․4․ Պարբերաբար իրականացնել  ուսա­նող­ների  կրթական կարիքների գնահատում)՝ ՄԿՈԱ բաժինը 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո հարցման միջոցով ուսումնասիրել է 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպումից և գնահատումից ուսանողների բավարարվածությունը: Հարցման նպատակն էր բացահայտել հետազոտական աշխատանքի իրականացման ընթացքում ուսանողների մոտ ի հայտ եկած խնդիրները, հավաքագրել առաջարկներ հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման բարելավման ուղղությամբ, գրանցել նախորդ՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքների հետ համեմատության դինամիկան:

Հարցաշարը ներառել է հարցեր, որոնց միջոցով հնարավոր է եղել պարզել ուսանողների բավարարվածությունը հետազոտական աշխատանքների բովանդակությունից և ռեսուրսներից, կատարված աշխատանքից, հետազոտական աշխատանքի գնահատումից: Հարցմանը մասնակցել է հետազոտական աշխատանք իրականացրած 275 ուսանողներից 196-ը (71%), որը մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է (նաև նախորդ ուստարվա 30% մասնակցության համեմատ):

Ամփոփելով հարցման արդյունքները՝ ՄԿՈԱ բաժինն ամբիոնների վարիչներին առաջարկում է մշտապես հետևողական լինել հետազոտական աշխատանքների կազմակերպական, դրանց իրականացման բովանդակային կողմի նկատմամբ, ուսումնասիրել ուսանողների բարձրաձայնած խնդիրները և առաջարկները, գտնել խնդիրների լուծման ընդունելի տարբերակներ, պարբերաբար աջակցել ուսանողներին՝ հաղթահարելու խոչընդոտները:

ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթում (2022թ․ մարտի 12, որոշում 58/5) շահած հետազոտական թեմաների իրականացման մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ դրամաշնորհ է տրամադրվել հետազոտական 5 թեմաների, որոնցից 3-ն ամբողջովին իրականացված են. հաշվետվությունները ներկայացված են, հոդվածները՝ հրապարակված, և գումարները՝ վճարված: Հետազոտական 2 թեմաների դեպքում առկա են արդյունքների հրապարակման հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումից հետո վճարումները կկատարվեն:

Առաջարկվեց հաջորդիվ ներբուհական դրամաշնորհային ծրագրերը հաստատելիս չբավարարվել որպես արդյունք հոդվածների հրապարակումները դիտարկելով:

ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ.Աթոյան) որոշվեց հանձնաժողովի կազմում հաստատել ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Ռաֆայել Գառնիկի Հարությունյանին:

Опубликовать материал
©2024 Все права защищены.