ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները ուսումնական պրակտիկայի ղեկավարների՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հ.Ազիզյանի և դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ս.թ. ապրիլի 19-ին ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Պարզ լիճ-Գոշ-Իջևան երթուղով:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարները ներկայացրին Տավուշի մարզը որպես զբոսաշրջային դեստինացիա (ուղևորության նպատակակետ), մասնավորապես` «Դիլիջան» ազգային պարկը, որը Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ պարունակող օբյեկտ է: Շեշտվեց, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ ու յուրօրինակ կենսաբազմազանությամբ: Ազգային պարկը ներառում է ինչպես բնական, այնպես էլ մարդածին բարձրարժեք ռեսուրսներ: Այդտեղով  անցնում է Տրանսկովկասյան արահետը, որը միավորում է  միջազգային կազմակերպություններին և կառույցներին՝ դրանով ճանաչելի դարձնելով Անդրկովկասի ու Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները, պատմական, մշակութային արժեքները և նպաստելով բնաշխարհի պահպանմանն ու  զբոսաշրջության զարգացմանը:

Արահետի մի հատվածին ուսանողները ծանոթացան քայլարշավի միջոցով՝ Պարզ լիճ-Գոշ ուղղությամբ: Դա համալիր երթուղի է, որում ընդգրկված են արժեքավոր բնական և պատմամշակութային օբյեկտներ: Քայլարշավը նպատակ ուներ ծանոթացնել ուսանողներին տարածքում կողմնորոշման եղանակներին:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներկայացրին աշխատանքային պլան-հանձնարարականի համաձայն իրենց նախապատրաստած տեղեկությունները երթուղու, «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջան խոշորացված համայնքում առկա հյուրանոցառեստորանային համալիրների, զբոսաշրջային ենթակառուցվածների մասին:

Ուսանողները նաև ծանոթացան շրջակա լեռնագրական միավորներին, էկոզբոսաշրջային երթուղիներին, բնական և պատմամշակութային հուշարձաններին, տարածքում գտնվող և Կարմիր գրքում գրանցված բույսերի էնդեմիկ տեսակներին: Պրակտիկանտները գնահատեցին դրանց ընդգրկվածությունը զբոսաշրջային փաթեթներում:

Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների իրականացման ընթացքում գնալով կխորանան ուսանողների գործնական գիտելիքները և հմտությունները:

Опубликовать материал
©2024 Все права защищены.