- Главная
- Շնորհավո՜ր Մարտի 8
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ, ցանկանում ենք գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, խաղաղ երկինք, անսպառ սեր, երջանկություն, բերկրանք, ամենալավն ու բարին:
Թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված, գարնան ծաղիկների պես նուրբ ու հմայիչ, «քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով» ժպտաք և սիրով ու գեղեցկությամբ ողողեք աշխարհը…
Տոնի նախապատմությունը
Ամբողջ աշխարհում մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր:
Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:
Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:
Կես դար անց նյույորքյան սոցիալ–դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:
1910թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:
Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:
1914թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:
1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ–ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:
Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ: