- Главная
- ԵՊՀ ԻՄ-ում շարունակվում են «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով վերապատրաստումները
Ելնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1.1.4 խնդրի (Բարձրորակ մարդկային ռեսուրսներ) 3-րդ գործողության պահանջներից՝ 2023թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով՝ 10 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստումը:
Դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը:
ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի և գրադարանի աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստմանը մասնակցում են շուրջ 2 տասնյակ աշխատողներ:
Վերապատրաստման առաջին օրը տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը իրենց խոսքում ընդգծեցին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գրագետ և արդյունավետ կիրառման կարևորությունը աշխատանքային գործընթացներում:
Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման սահմանները գնալով ավելի ու ավելի են ընդլայնվում: Եվ այս համատեքստում պատահական չէ այն փաստը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը համարվում է կրթական գործընթացի կատարելագործման և բարեփոխման անհրաժեշտ գործոններից մեկը: Մասնավորապես՝ համակարգչային աջակցությունն ուսումնական և աշխատանքային գործընթացին հնարավորություն է տալիս բարձրացնելու կրթության հասանելիության մակարդակը, որն էլ իր հերթին նպաստում է անձնային և մասնագիտական կոմպետենցիաների զարգացմանը, աշխատանքների կատարման որակի բարելավմանը»:
Շեշտվեց, որ ուսումնական գործընթացներում տեղի ունեցող արմատական փոփոխություններն ինքնին ստիպում են նպատակաուղղված բարեփոխումներ իրականացնել վարչական և օժանդակ անձնակազմի աշխատանքներում, մշակել աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագրեր, արդյունավետ ուղիներ և մեթոդներ, որոնցից մեկն էլ տվյալ վերապատրաստման ծրագիրն է: