- Главная
- Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն մասնաճյուղում
2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում երեքշաբաթյա այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում է Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն: Նա դասավանդում է ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին՝ զարգացելով ֆրանսերենի բանավոր հաղորդակցման նրանց հմտությունները: Այդ առիթով տիկին Վերոնիկ Նուեի հետ ունեցանք հարզազրույց, որին նախորդեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ Վ.Նուեի և մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի հանդիպումը: Կողմերը քննարկեցին ուսումնական գործընթացին, ԵՊՀ ԻՄ-ի հետ Վերոնիկ Նուեի համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Այնուհետև ներկա գտնվեցինք Վ.Նուեի դասին և նրա հետ անցկացրինք փոքրիկ հարցազրույց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Տիկի՛ն Վերոնիկ, խնդրում ենք պատմել Ձեր ծննդավայրի, ընտանիքի և կրթության մասին:
-Ես ծնվել եմ Ֆրանսիայի հարավային Օքսիտանի մարզի Գարդ շրջանի Բանյոլ սյուղ Սեզ փոքրիկ քաղաքում, որն ունի 18 000 բնակիչ: Քանի որ այստեղ կլիման մեղմ է՝ չնայած շատ շոգ ամառներին, բնակչության հիմնական զբաղվածությունը խաղողագործությունն է: Բանյոլ սյուղ Սեզ քաղաքը մոտ է Նիմ և Ավինյոն քաղաքներին:
-Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել Ձեր մասնագիտական գործունեությունը:
-Արդեն 32 տարի է, ինչ ես ֆրանսերեն եմ դասավանդում Ֆրանսիայում կամ արտերկրում՝ որպես օտար լեզու: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որը կատարում եմ հաճույքով:
-Հետաքրքիր ի՞նչ դրվագ կհիշեք համալսարանական կյանքից:
-Ես հիշում եմ իմ դասախոսներից մեկին, որը սիրում էր դասավանդել՝ գրասեղանի վրա ծալապատիկ դիրքով նստած: Դա մի քիչ արտասովոր էր:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, դասախոսի/ուսուցչի հիմնական առաքելությունը:
-Դասավանդողի հիմնական առաքելությունը սովորողի մեջ կրթության նկատմամբ սեր և գիտելիքները խորացնելու ցանկություն առաջացնելն է:
-Ձեր փորձից ելնելով՝ դասավանդման և ուսումնառության ո՞ր մեթոդներն են առավել արդյունավետ:
-Ամենաարդյունավետ մեթոդները ինտերակտիվ (փոխներգործուն) մեթոդներն են, որոնք ուսանողներին մղում են ակտիվության: Օրինակ, լեզվի դասերին ուսուցանողը պետք է խթանի ուսանողների ինքնուրույն խոսքի զարգացումը հարցերի, զեկուցումների կամ դերախաղերի միջոցով: Ուսուցանողի դերը պետք է նվազագույնի հասցնել, նա ընդամենը պետք է ուղղորդող լինի:
-Աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչի՞ց եք ոգեշնչվում:
-Օրական մեկ ժամ տրամադրում եմ քայլելուն, ազատ ժամանակ հաճախ գնում եմ կինո կամ թատրոն:
-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:
-Իմ կարծիքով՝ ամենակարևորը մարդու առողջությունն է, մնացած ամեն ինչը հնարավոր է ձեռք բերել:
-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:
-Իմ կարգախոսն է ամեն ինչ անել՝ նպատակին հասնելու համար:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին և հատկապես ուսանողներին:
-Խորհուրդ կտամ երբեք թևաթափ չլինել, չհուսահատվել, երբ մարդ հույսն իր վրա է դնում, ողջ տիեզերքը նպաստում է նրա նպատակի իրականացմանը:
-Ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն ու սպասելիքները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներից:
-ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ֆրանսերենի իմացության մակարդակն իսկապես տպավորիչ է: Կարող եմ միայն շնորհավորել և քաջալերել, որ նույն ոգևորությամբ խորացնեն իրենց գիտելիքները: Իմ երեքշաբաթյա այցի ընթացքում մենք կշարունակենք փոխադարձաբար բացահայտել մեր երկու բարեկամ ժողովուրդների մշակույթը:
Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել համալսարանի տնօրենությանը, դասախոսական անձնակազմին և ուսանողներին՝ ջերմ ընդունելության համար:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Վանյանը: