2022թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը նախաձեռնել էր հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիների հետ հանդիպում, որին հրավիրված էին նաև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը:

Հանդիպման սկզբում պարոն Մակարյանը ողջունեց 2022-2023 ուստարում հեռակա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված շուրջ հինգ տասնյակ առաջին կուրսեցիներին, շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նրանց մաղթեց, որ լինեն ուսումնատենչ, նախաձեռնող և նպատակասլաց, ակտիվորեն մասնակցեն ուսանողական նախաձեռնություններին, այլ խոսքով՝ լիարժեք ներգրավվեն համալսարանական միջավայրում:

Ա.Մակարյանը ուսանողներին համառոտ ներկայացրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները, կոչ արեց մանրամասն ծանոթանալ ուսանողներին վերաբերող բոլոր փաստաթղթերին, որոնք հիմնականում զետեղված են մասնաճյուղի կայքում տեղադրված «Առաջին կուրսի ուսանողի ուղեցույց»-ում:

Փոխտնօրեն Մ.Օթարյանը նույնպես նախ շնորհավորեց ուսանողներին մասնաճյուղ ընդունվելու առթիվ, ապա ներկայացրեց Ներքին կարգապահական կանոնները, ընդգծեց կարգապահության կարևորությունը ուսումնական գործընթացում:

Այնուհետև Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրսեցիներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը:

Ն.Գրիգորյանը շեշտեց, որ 2022թ. սեպտեմբերին և դրանից հետո ԵՊՀ ԻՄ ընդունված ուսանողներին համար փոխվել է գնահատման կարգը. ներդրվել է գնահատման բազմագործոն համակարգ՝ նպատակ ունենալով մեծացնել դասախոսի ազատությունը և բացառել մեկ բաղադրիչով դրական արդյունարար գնահատականի ձևավորումը: Նշվեց, որ գնահատման համակարգում այսուհետև բավարար է համարվելու 10 միավորը:

Այնուհետև Ն.Գրիգորյանն անդրադարձավ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների գնահատման բաղադրիչներին և դրանց հատկացվող միավորներին:

Ներկայացվեց, թե որ դեպքում է ուսանողը համարվում քննաշրջանը չհաղթահարած, երբ է դասընթացը համարվում առարկայական պարտք, կրեդիտի պարտք, և որ դեպքում է ուսանողը ստիպված լինելու կրկնելու դասընթացը:

Տեղի ունեցավ քննարկում. ուսանողները տնօրենից և փոխտնօրենից ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:

Опубликовать материал
©2024 Все права защищены.