2022թ. մայիսի 21-ին «Հատուկ մանկավարժության հիմունքներ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Հավասար կրթություն բոլորին» խորագրով բաց դաս-քննարկում, որը կազմակերպվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Մ. Հարությունյանը, նույն ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Ա. Մ. Ղազարյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները:

Բաց դասը նվիրված էր  ներառական կրթության ոլորտում ծագած հարցերի լուծմանը  և խնդիրների կանխարգելմանը:

Դասի նպատակն էր ձևավորել հստակ պատկերացում ներառական կրթության էության, սկզբունքների, հասկացությունների և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Բաց դասը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասը, որ նվիրված էր ներառական կրթության  արժևորմանը, վարում էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ի. Ռ. Պոնոմարենկոն: Երկրորդ մասը, որի ընթացքում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները ներկայացրին իրենց ինքնուրույն աշխատանքները, վերաբերում էր կրթական կարիքի բազմազանությանը:

Դասը հագեցած էր ինտերակտիվ մեթոդներով, որի շնորհիվ քննարկմանը մասնակցում էին բոլոր ներկաները:

Դաս-քննարկման ընթացքում ներկայացվեցին ներառական կրթության նպատակն ու առանձնահատկությունները, դրական կողմերը և մարտահրավերները, հիմնավորվեց ներառական կրթության անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում, մեկնաբանվեցին ներառական կրթության անցման օրենսդրական հիմքերը, սկզբունքները, «հատուկ», «ինտեգրված» և «ներառական» կրթություն հասկացությունները:

Կարևորվեց ներառական կրթության համատեքստում ընդունելի բառապաշարը, ներկայացվեցին առավել հաճախ հանդիպող կրթական կարիքները և  զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքների յուրահատկությունները:

Բաց դաս-քննարկումն ամփոփվեց հարց ու պատասխանով, իսկ վերջում ներկաները հայտնեցին իրենց գոհունակությունը:

Опубликовать материал
©2024 Все права защищены.