- Главная
- Հանդիպում-քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Շուշան Մուսինյանի հետ
2022թ. մայիսի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-4 կուրսերի մի խումբ ուսանողներ մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ունեցան հանդիպում-քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Շուշան Մուսինյանի հետ: Սա հերթական միջոցառումն էր Օտար լեզուների անբիոնի նախաձեռնած շրջանավարտների հետ հանդիպումների շարքում:
Հանդիպման սկզբում Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտին ներկայացրեց ուսանողներին:
Այնուհետև Շուշան Մուսինյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր փորձը՝ անդրադառնալով հատկապես իր մասնագիտական գործունեությանը Չինաստանում, որտեղ ինքն աշխատել է երկու տարի որպես անգլերենի ուսուցիչ: Նա մանրամասնեց, թե ինչպես կարող են ցանկացողները դիմել աշխատանքի որպես անգլերեն դասավանդողներ Չինաստանի տարբեր կրթական հաստատություններում, ինչպիսի առանձնահատկութուններ ունի չինական մշակույթը, որոնք են դժվարությունները և առավելությունները: Բանախոսը Չինաստանի կրթօջախներում իր ստացած փորձը համարում է կարևոր և շատ դրական: Շուշան Մուսինյանն ընդգծեց, որ մասնաճյուղում իր ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները մեծ դեր են ունեցել հաջողության հասնելու իր ճանապարհին:
Բանախոսը խորհուրդ տվեց ուսանողներին ակտիվորեն զբաղվել կամավորական աշխատանքով, լինել պրպտուն և հետազոտող, չվախենալ մարտահրավերներից:
Հանդիպման մասնակից ուսանողները մեծագույն հետաքրքրությամբ լսեցին Շ.Մուսինյանին, հնչեցին բազմաթիվ հարցեր, և ոմանք ցանկություն հայտնեցին կապ հաստատել շրջանավարտի հետ՝ հետագայում ևս խորհուրդ ստանալու համար:
Օտար լեզուների ամբիոնը կշարունակի իրականացնել հանդիպում-քննարկումներ ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների հետ նաև գալիք ուսումնական տարում՝ պահպանելով սերտ կապ իր ներկա և նախկին ուսանողների միջև: