- Главная
- Միջոցառում՝ Շեքսպիրի ծննդյան 458-ամյակին ընդառաջ
2022թ. մարտի 25-ին՝ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 458-ամյակին ընդառաջ, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանի) կազմակերպել էր մեծագույն գրողին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները:
Միջոցառումը, որի լեզուն անգլերենն էր, կազմակերպվել էր երկու վայրում՝ X-drive սրահում և մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում։
Ուսանողները միջոցառման ընթացքում ներկայացրին Շեքսպիրի կենսագրությունը և ստեղծագործությունները, արտասանեցին սոնետներ և հատվածներ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունից։
Ընդգծվեց, որ Շեքսպիրի անձնական կյանքի մասին տեղեկություններ քիչ են պահպանվել, ինչը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել։ Շեքսպիրը ծնվել է Ստրատֆորդ ըփոն Էյվոնում։ Տասնութ տարեկանում նա ամուսնացել է Էնն Հաթաուեյի հետ և ունեցել երեք երեխա։ Շեքսպիրն իր կարիերան սկսել է Լոնդոնում 1585-1592 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ հաջողությամբ հանդես գալով և՛ որպես դերասան, և՛ որպես գրող։
Ներկայացվեց, որ Շեքսպիրի ստեղծագործությունների մեծ մասը գրվել է 1589-1613 թվականներին։ Նրա վաղ ստեղծագործությունները եղել են հիմնականում կատակերգություններ և պատմական պիեսներ, որոնք դասվում են այդ ժանրերի լավագույն նմուշների շարքին։ Այնուհետև նա գրել է մի շարք ողբերգություններ, այդ թվում՝ իր գլուխգործոցները («Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Օթելլո», «Լիր արքա» և այլն): Շեքսպիրը նաև154 քնարական սոնետների հեղինակ է:
Միջոցառման ընթացքում ուսանողները նաև դիտեցին և քննարկեցին «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը: