- Главная
- Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանի հետ
-Ընկե՛ր Առուշանյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:
-Իմ համալսարանական գործունեությունն սկսել եմ Իջևանի տարածաշրջանային քոլեջում՝ 1991թ., որն այնուհետև ՀՀ կառավարության 1994թ. որոշմամբ վերակազմավորվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի: Աշխատանքս սկսել եմ Ուսումնական մասում՝ դիսպետչերից, այնուհետև Ուսումնական մասի քարտուղար, որոշակի ժամանակահատվածում՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:
-Իմ աշխատանքային գործունեության ընթացքում դժվարություններ իհարկե եղել են, որովհետև ամեն ինչ զրոյից ենք սկսել, սակայն հաղթահարել ենք, որովհետև շրջապատված ենք եղել իրենց աշխատանքի մեծ գիտակներով, որոնց խորհուրդները միշտ օգնել են նաև ինձ: Եվ քանի որ շատ եմ սիրել իմ աշխատանքը և այն հաճույքով եմ միշտ կատարել, դա էլ է օգնել հաղթահարել ցանկացած դժվարություն:
-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:
-Ամենադժվար ժամանակահատվածը համընկել է մեր երկրի անկախացման տարիների հետ: Դժվար էր ոչ միայն ինձ համար, այլև ողջ կոլեկտիվի, քանի որ աշխատում էինք շատ բարդ բարոյահոգեբանական պայմաններում, երբ լսարանները դժվարությամբ էին ջեռուցվում, նույնիսկ սովորական թուղթը դժվար էր ճարվում: Շնորհիվ այն ժամանակվա ղեկավարության ներդրած ջանքերի ու եռանդի՝ մասնաճյուղը պատվով հաղթահարեց այդ դժվարությունները:
-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:
-Պատմություններ ու դեպքեր շատ կան, բայց ամենից շատ այն մարդիկ են ինձ համար հիշարժան, որոնց շնորհիվ Իջևանում ձևավորվեց համալսարանական միջավայր, և որոնցից շատ բան եմ սովորել: Իմ կայացման, ինձ վստահելու համար շնորհակալ եմ նրանց:
-Ընկե՛ր Առուշանյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Աշխատանքից դուրս ունեմ շատ նախասիրություններ: Սիրում եմ կարդալ, լսել երաժշտություն: Շատ եմ սիրում ծաղիկներ աճեցնել:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ապրում եմ մայրիկիս և քրոջս հետ:
-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:
-Առանց դժվարության ոչինչ չի տրվում: Բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են, պետք չէ շուտ հուսահատվել: Անհրաժեշտ է լինել համբերատար ու նպատակասլաց:
-Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Ցանկացած դրական բան ինձ համար կարող է ոգեշնչման աղբյուր լինել. դա կարող է լինել հարազատի, ընկերոջ հաջողությունը, իմ երկրի հետ կապված ցանկացած հաջողություն, լավ երաժշտությունը, դա կարող է լինել գարնան սկիզբը, բնության զարթոնքը, այն, ինչ նոր հույզեր է պարգևում մարդուն:
-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:
-Լինել լավատես և առաջ նայել:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:
-Սիրել իրենց աշխատանքը, մեր մասնաճյուղը, Մայր բուհը, ցանկացած գործ կատարել մեծ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ: Ունենալ իսկական համալսարանական կեցվածք ու պահվածք: