- Главная
- Միջազգային բաց դաս՝ Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ
2021թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայացք կրթությանը և դաստիարակությանը Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Հայաստանում. միջմշակութային ասպեկտ» թեմայով միջազգային առցանց բաց դաս՝ արտասահմանյան հետազոտությունների բաժնի պրոֆեսոր, Կիոտոյի Սանգյո համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչ Միցուսի Կիտաձյո-սանի, փիլիսոփայության դոկտոր, Ֆինլանդիայի Հյուսիսային համալսարանի փիլիսոփայության բաժնի օտար լեզուների և թարգմանության դեպարտամենտի ռուսաց լեզվի և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Վ.Վ.Բույլովի, Ուրալի՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բ.Ն.Ելցինի անվան ֆեդերալ համալսարանի օտար լեզուների և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Տ.Վ.Կուպրինայի մասնակցությամբ:
Միջոցառման նախաձեռնողն ու վարողը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (РАЕ) պրոֆեսոր Սվետլանա Միխայելի Մինասյանն էր:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ողջունեց բաց դասի բոլոր մասնակիցներին և խոսքը փոխանցեց արտասահմանյան գործընկերներին:
Միջազգային բաց դասի նպատակը նրա կիրառական բնույթը ցուցադրելն էր՝ մինիմում տեսություն, մաքսիմում պրակտիկա և պատկերավոր օրինակներ: Մանկավարժական էդուտոնը նշված միջոցառման աշխատանքային հիմնական մեթոդն էր: Այն ոչ միայն արդյունավետ է, այլև դյուրընկալելի: Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է գտնել գործընկերներ և նախագծեր ստեղծել միջազգային մակարդակում, հեռավար ձևաչափով բազմազանեցնել դասերի տեսակները: Այսօր կրթական վիրտուալ հարթակը (միջավայրը) տալիս է մեծ հնարավորություն՝ վիրտուալ դասեր, փորձի փոխանակում, բանավեճեր և քննարկումներ, լայֆխակների (հնարամտությունների), տեխնոլոգիաների և դիզայնների մշակում:
Կիոտոյի Սանգյո համալսարանի պրոֆեսոր Միցուսի Կիտաձյո-սանը հետաքրքիր օրինակներ բերեց Ճապոնիայի կրթական համակարգից, պատմեց դաստիարակության և էթիկետի ազգային բնույթի (բնավորության) մասին, ճապոնացի ուսանողների կյանքից օրինակներ բերեց: Ընդգծեց, որ կրթության և դաստիարակության ողջ գործընթացը կենսական ստուգման երեք շրջափուլ է անցնում, և յուքանչյուր փուլում հարկավոր է լինում քննություն հանձնել:
Պրոֆեսոր Ս. Մ. Մինասյանը պատմեց, թե որն է ճապոնական «իկուձի» կրթության և դաստիարակության հաջողությունը: Որպես օրինակ ներկայացրեց պրոֆեսոր Մակադո Շիչիդայի և Մասարո Իբուկայի դաստիարակության մեթոդիկան, որն ընդհանուր առմամբ համընկնում է Հայաստանում դաստիարակության հնագույն սկզբունքներին:
Ֆինլանդիայի Հյուսիսային համալսարանի պրոֆեսոր Վ.Վ.Բույլովը նշեց, որ երկար տարիների ընթացքում Ֆինլանդիան գլխավորող դիրք է գրավել կրթական համակարգի համաշխարհային վարկանիշում: Երկրի բոլոր հատվածներում բոլոր ուսումնական հաստատությունները հրաշալիորեն հագեցած և վերազինված են: Ֆինլանդիայի համալսարաններում լայնորեն գործարկվում է ուսուցման միջդիսցիպլինար սկզբունքը: Համալսարանական ուսուցումը կրում է գիտահետազոտական բնույթ և միաժամանակ ունի գործնական մեծ ուղղվածություն: Այստեղ կողմնորոշվում են ոչ միայն ուսանողների կողմից գիտելիքների մեծ ծավալի յուրացմամբ, այլև սովորեցնում են ստացած գիտելիքները և կարողությունները կիրառել կյանքում: Դաստիարակությունը հենվում է անձնական օրինակների վրա և տարվում է կրթությանը զուգընթաց: Դասախոսները և ուսանողները չեն խախտում էթիկետի (վարվեցողության) կանոնները, հարգանքը, վստահությունը, թեև, ինչպես բոլոր երկրներում, կան դաստիարակության սեփական խնդիրները:
Պրոֆեսոր Տ.Վ.Կուպրինան ներկայացրեց միջազգային հեղինակների խմբի դասագիրքը՝ «Միջմշակութային դիդակտիկայի հիմունքները» (Ռուսաստան-Սլովակիա), և ուսումնական ձեռնարկը՝ «Տոլերանտության (հանդուրժողականության) զարգացման հինգ դաս»: Նա նշեց, որ լավագույն կրթական ծրագրերը ներառում են ոչ միայն «կոշտ» հմտությունների (hard skills), այլև «փափուկ» հմտությունների (soft skills) ձևավորման տարրեր՝ հիմնված զգայական ինտելեկտի վրա, հաշվի են առնում անհատական փոփոխությունների տեսությունը և պրակտիկան, նպատակաուղղված ուսուցման նորարարական մեթոդիկաները, միջանձնային հարաբերությունները, որոնք նպաստում են ուսուցման արդյունավետությանը, մասնավորապես՝ դասավանդողների և սովորողների լավ փոխհարաբերությանը:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի I կուրսի ուսանողներն ուղղեցին հարցեր, քննարկումն անցավ ինտերակտիվ ձևաչափով:
Ամփոփելով դասի արդյունքները՝ տիկին Մինասյանն արձանագրեց. «Միջազգային բաց դասը ցույց տվեց, որ քննարկելով կրթության և դաստիարակության արդի հարցեր՝ մենք դրանց տվեցինք գործնական, համեմատական բնույթ, բարձրացրինք ուսանողների մոտիվացիան, հասկացանք, որ գլոբալ փոփոխությունների պայմաններում կրթության և դաստիարակության հարցերը մնում են պահանջված, և դրանք կարելի է լուծել՝ քննարկելով առցանց ձևաչափով»: