2021թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էին ՀՀ կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողները, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ուսանողների հետ անցկացվեցին քննարկումներ մի շարք արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք էին՝ ժամանակի և ֆինանսական կառավարումը, կառավարման ոլորտում ղեկավար անձնակազմի, առաջնորդի դերակատարությունը, ինչպես նաև օպտիմալ կառավարման սկզբունքները:

Պարոն Չալաբյանն առաջադրեց ամուր և հզոր պետականություն կառուցելու իր տեսլականը, որը ենթադրում էր մեծ աշխատասիրություն և յուրաքանչյուրիս՝ որպես ՀՀ քաղաքացու պատասխանատու վարքագիծը:

Ուսանողներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց գաղափարները, որոնք խրախուսվեցին պարոն Նուրբեկյանի կողմից: Քննարկման շրջանակներում «Ֆինանսներ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Հարությունյանի բիզնես գաղափարի իրականացման համար նախատեսվեց կազմակերպել հանդիպում հագուստի դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանի  հետ:

Հանդիպման ընթացքում ուսանողները խոսեցին նաև համաշխարհային և ֆինանսական գրականության վերաբերյալ իրենց նախասիրությունների, սիրելի գրքերի, մոտիվացիայի և կրթության առաջնահերթության մասին: Ուսանողների խնդրանքով ներկայացվեցին նաև ՀՀ կենտրոնական բանկում ուսումնական փորձաշրջան անցնելու հնարավորությունները և առավելությունները:

Համալսարանականները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր հանդիպման համար և առաջարկեցին նմանատիպ հանդիպումներ ունենալ ԿԲ այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ ևս:

Опубликовать материал
©2024 Все права защищены.