- Главная
- ԵՊՀ ԻՄ-ում վերապատրաստում անցած ուսուցիչներին տրվեցին վկայականներ
2021թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ասյա Սարգսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Նարա Ղազարյանը:
Ս.թ. նոյեմբերի 1-30-ը Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 75 ուսուցիչներ ԵՊՀ ԻՄ-ում մասնակցել էին 110 ժամ տևողությամբ վերապատրաստումների, որոնց ընթացքը և արդյունքները ներկայացվել էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նիստին և ԿԶՆԱԿ-ի հետ առցանց հանդիպմանը:
Վկայականները հանձնելուց առաջ ուսուցիչներին ողջունեց պարոն Մակարյանը, խոսեց ուսուցիչ-մանկավարժի՝ սերունդներ կրթելու և դաստիարակելու կարևոր առաքելության մասին, երախտագիտություն հայտնեց նրանց՝ որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող աշխատանքի համար: Անդրադառնալով իրականացված վերապատրաստման դասընթացներին՝ Ա.Մակարյանը նշեց, որ դրանք շատ կարևոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, այլև փորձի փոխանակման և ուսուցչական համայնքի ձևավորման տեսանկյունից: Հավելեց, որ թեև մասնաճյուղի կողմից առաջին անգամ են իրականացվում նման վերապատրաստումներ, բայց շատ ուրախ է, որ դրանք ունեցել են հաջող ընթացք և գոհացնող արդյունքներ, իրենց՝ ուսուցիչների կողմից արտահայտված դրական կարծիքներ ու արձագանքներ:
Հանձնելով վկայականները՝ տնօրենը շնորհավորեց ուսուցիչներին վերապատրաստումները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նրանց արդյունավետ համագործակցության համար:
Ուսուցիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ արտահայտելով իրենց գոհունակությունը արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմից, տրված հիմնարար գիտելիքներից: