- Главная
- Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, քայլերթ և մոմավառություն
2021թ. սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կյանքը շարունակում է շարունակվել» խորագրով հուշ-ցերեկույթը՝ նվիրված հանուն հայրենիքի անմահացած քաջ հայորդիների սուրբ հիշատակին: Այն կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:
Գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցում էին երկու տասնյակ ուսանողներ, ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ:
Դահլիճում հուզական մթնոլորտ էր. միջոցառման վկան էին անմահները՝ Արցախյան երկրորդ պատերազմում իրենց կյանքը տված մեր հերոս ուսանողներն ու շրջանավարտները, ովքեր լուսանկարների միջից հերոսական վեհ հայացքով հետևում էին միջոցառման ընթացքին:
Միջոցառման մասնակիցները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին անմահ հերոսների հիշատակը, ապա հանդես եկան 2020թ. սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ համառոտ ակնարկով:
Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին պատերազմի թեմայով ոգեշնչող տեսահոլովակներ, բեմադրություն, երգեր ու բանաստեղծություններ («Կանգնի՛ր, Արցախ», «Մատաղ քեզ», «Մամ ջան», «Մա՛յր իմ, մի՛ տխրիր», «Կյանքը շարունակում է շարունակվել», «Բալլադ զինվորին», «Զինվորի երգ», «Իմ հերոս», «Իմ զինվոր եղբայր», «Ու ոչ մի ծառ…» և այլն):
Ներկայացված երգերի, բանաստեղծությունների ու ցուցադրությունների միջոցով հառնեցին ու մարմնացան իրենց կյանքի գնով մեզ կյանք տված հերոսների կերպարները, նրանց անցած ուղին, պատերազմի ընթացքում ունեցած հույզերն ու ապրումները, կիսատ մնացած հույսերն ու երազանքները, նրանց՝ անմահների պատգամը մեզ՝ ապրողներիս:
Նույն օրվա երեկոյան համալսարանականները մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քայլերթին և մոմավառությանը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների հիշատակին:
Երթին մասնակցող հարյուրավոր քաղաքացիներ ԵՊՀ ԻՄ-ի բակից շարժվեցին դեպի Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն և զոհերի ոգեկոչման արարողություն: