2021թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի համահեղինակած (Գ.Հովհաննիսյան, Վ.Փարսադանյան, Ա.Իսրայելյան) Աշխարհագրական-երկրագրական եզրույթների և հասկացությունների՝ հայերեն-թուրքերեն, թուրքերեն-հայերեն, հայերեն-արաբերեն, արաբերեն-հայերեն, հայերեն-պարսկերեն, պարսկերեն-հայերեն բառարանների շնորհանդես-քննարկումը:
Շնորհանդեսին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ սրտանց շնորհավորելով բառարանների համահեղինակներին և հատկապես ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա հմուտ և օրինակելի աշխատակից պարոն Հովհաննիսյանին, բոլոր ներկաներին, ընդհանուր գծերով ներկայացնելով բառարարանների բնույթը, դրանց կիրառական նշանակությունը:
Ելույթ ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը՝ խոսելով բառարաններում աշխարհագրական-երկրագրական գիտաբառերի և հասկացությունների ընդգրկման սկզբունքի մասին, նշելով, որ բառարանները կարող են մեծապես օգտակար լինել արևելագետների, միջազգայնագետների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների համար:
Բառարանների ստեղծման հանգամանքներին, նպատակին և խնդիրներին, իրականացված երկարատև աշխատանքին (2011 թ.-ից սկսած) անդրադարձավ բառարանների համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց բառարանների համահեղինակ իր գործընկերներին, ամենայն ջանասիրությամբ աշխատած խմբագիրներին, ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետին, միջոցառման կազմակերպիչներին, ընդգծեց, որ իր համար հաճելի է շնորհանդեսի իրականացումը հարազատ դարձած մասնաճյուղում. «Ցանկացած քայլ, որ արվում է մասնաճյուղում իմ կողմից, արվում է առանձնակի ոգևորությամբ և հպարտությամբ: Այնպես որ եթե այս կատարվածը ինչ-որ տեղ կկարողանա իր նպաստը բերել համալսարանի հաջողություններին կամ առաջընթացին, ես դրանից ինձ երջանիկ կզգամ: Շնորհակալություն»:
Շնորհանդեսին արժևորման խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, բառարանների ստեղծման առիթով շնորհակալություն հայտնեց համահեղինակներին, շնորհավորեց բոլոր համալսարանականներին, պարոն Հովհաննիսյանին մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ, ամենայն բարին:
Իր եզրափակիչ ելույթում Վ.Պողոսյանը նշեց, որ գրադարանում նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը կկրի շարունակական բնույթ, առաջիկայում կկազմակերպվեն ոչ միայն գրքերի շնորհանդեսներ, այլև կլոր սեղան-քննարկումներ, գրադարանավարի, գրքի տոներին նվիրված միջոցառումներ և այլն:
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: