2021թ. սեպտեմբերի 7-11-ը առցանց և առկա եղանակներով կայացավ «Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով դասախոսների վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Դասընթացը վարեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր, «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին 2 տասնյակ համալսարանականներ:

Վերապատրաստման դասընթացին ներկայացվեցին ուսումնական և ակադեմիական աշխատանքներ (ռեֆերատ, հետազոտական աշխատանք, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները՝ հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Պարոն Հովհաննիսյանն ընդհանուր գծերով անդրադարձավ գիտական հետազոտության առանձնահատկություններին, ընթացքին, փուլերին, հետազոտության մեթոդներին և աշխատանքի կառուցվածքին, խոսեց հղումների անհրաժեշտության և գրագողությունից խուսափելու մասին:

Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն լինել օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից:

Նշվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:

Գ.Հովհաննիսյանն անդրադարձավ նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:

Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, ինչպես նաև գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.

  1. Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:

Դասակարգվեցին գիտական հետազոտության մեթոդները՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական, պատմական, համակարգային մոտեցման, դաշտային և լաբորատոր հետազոտությունների, հարցումների և այլ մեթոդներ:

Անդրադարձ կատարվեց նաև թեմատիկ համապատասխանությանը և ընդգրկունությանը, գրականության ուսումնասիրությանը, մեջբերումներին, գրագողության տարատեսակներին, հետազոտական աշխատանքի պաշտպանությանը, ներկայացման, ցուցադրման  հիմնական կանոններին և այլն:

Վերապատրաստման դասընթացը մասնակիցներին կօգնի արդյունավետ պլանավորելու իրենց հետազոտությունները, պատրաստելու գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:

Опубликовать материал
©2024 Все права защищены.