2021թ. հուլիսի 13-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի՝ ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցեցին Տավուշի մարզպետարանի, մարզի տարբեր ենթակառուցվածքների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, հաբի աշխատակիցներ, կամավորներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը,  «Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը և ուրիշներ:

Ա.Մակարյանը, ողջունելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նման կառույցի հիմնումը, հույս հայտնեց, որ այն իսկապես կնպաստի մարզում նորարարական գիտելիքի զարգացմանը, կդառնա այն հարթակը, որը կհամախմբի և հնարավորություն կտա մարզի երիտասարդներին՝ հատկապես համալսարանականներին, ազատ դրսևորվելու և իրացնելու իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, նորարարական գաղափարներն ու մոտեցումները: Հաբը կդառնա անվտանգ, հարմարավետ և հասանելի աշխատանքային տարածք ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համար, սոցիալական ձեռներեցության ոլորտում դասընթացների, սեմինարների և տարբեր միջոցառումների կազմակերպման վայր, ինչպես նաև աջակցություն կապահովի երիտասարդներին հետագա զբաղվածության գործում։ Պարոն Մակարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին հաբի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց այդ գործում  նախաձեռնություն ու աջակցություն ցուցաբերած բոլոր կառույցներին և անհատներին, մասնավորապես՝ Տավուշի մարզպետարանին և «Կանաչ Արահետ» ՀԿ-ին:

Ն.Սարուխանյանն իր ողջույնի խոսքում ընդհանուր գծերով ներկայացրեց Գիտելիքի նորարարական հաբի ստեղծման նպատակը, գործունեության շրջանակները և առաքելությունը՝ համոզմունք արտահայտնելով, որ հաբի և ԵՊՀ ԻՄ-ի միջև համագործակցությունը կլինի խորը և երկարատև:

Տիկին Սարուխանյանը նշեց, որ ՀԱԲ-երը ստեղծվում են «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ գործընկեր կազմակերպությունների՝ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի (Հայաստան), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և KRDF-ի (Վրաստան) հետ մեկտեղ:

Այնուհետև ելույթ ունեցավ “EU4Youth SEED” ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանը՝ շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացնելով «Կանաչ Արահետ» ՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Նառա Մնացականյանը, ով  տեսահոլովակի միջոցով ներկայացրեց հաբի կողմից արդեն իրականացված աշխատանքները:

Երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու նպատակով  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Միջոցառումն ավարտվեց Բնակչության օրվան նվիրված ֆոտոմրցույթի լուսանկարների ցուցադրությամբ, որի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրումը տեղի կունենան Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբի բացման արարողության ժամանակ: 

Տեղի ունեցավ նաև հյուրասիրություն:

Опубликовать материал
©2024 Все права защищены.