- Главная
- Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք Բագրատ Սրբազանին՝ 50-ամյա հոբելյանի առթիվ
2021թ. մայիսի 20-ին լրանում է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ծննդյան 50-ամյակը:
Բագրատ Սրբազան… ոչ թե պատահականության ծնունդ, այլ Ստեղծագործություն, Առաջնորդ, Ընկեր, Մարդ, Զինվորական, Մտավորական … կոչումով՝ Տավուշեցի, ով Տավուշ եկավ հիրավի «ոչ թե պատահականությամբ, այլ Աստվածային նախախնամությամբ և Տավուշեցու կոչումը նույնացրեց մեծագույն սիրո, պատվի ու պատասխանատվության հետ…»:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք Բագրատ Սրբազանի 50-ամյա հոբելյանը, ցանկանում, որ Աստծո ամենակարող աջը միշտ զորավիգ ու պահապան լինի և իր օրհնությամբ, սիրով ու բարեհաճությամբ առաջնորդի նրան իր հայրենանվեր գործունեության մեջ՝ ուղղված Հայոց և Տավուշ աշխարհի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանը:
Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ։
Ծնվել է 1971թ. մայիսի 20-ին Գյումրիում:
1978 - 1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։
1988 - 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
1994թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։
1994թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով «Խոսրով եպիսկոպոս Անձևացու Ժամակարգության մեկնությունն ու աստուածաբանությունը (նորագյուտ ձեռագրերով և մատենագիտական ուսումնասիրությամբ)» ավարտաճառը:
1995թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև ՔԴՔԿ փոխտնօրեն։
1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում:
2000-2003 թթ. եղել է Սևանի Վազգենյան դպրանոցիշ տեսուչը։
2002թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» վերտառությամբ։
2002թ. նշանակվել է նաև Մայր Աթոռի Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։
2002թ. նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
2003-2013 թթ. եղել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդը։
2012թ․ Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբարոյագիտության մագիստրոսական թեզ (MA)` «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» թեմայով:
2013-2019 թթ. վարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնը։
2015թ․ նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:
2017 թ․ -ից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է:
Արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի «Ադամանդյա հոբելյանի» մեդալի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նախագահական 2-րդ աստիճանի մեդալի, ՀՀ Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» շքանշանի։
«Մոնթե Մելքոնյան» ռազմաուսումնական վարժարանի, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, 2019թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան, դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Բագրատ Սրբազանի քահանայական ձեռնադրության 25 և Տավուշի թեմի առաջնորդության 5-ամյակին նվիրված ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/tahuys/videos/2390316957942560/: