2021թ. ապրիլի 6-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը (ի դեմս ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի) կնքեցին համագործակցության հուշագիր՝
- կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում 21-րդ դարի հմտությունների ներդրումն ու տարածումը,
- խթանելով դասախոսների և ուսանողների շրջանում ազատ և արդի գիտելիքի և դրա ստեղծման հանդեպ հետաքրքրության բարձրացումը,
- գիտակցելով, որ համագործակցությունը հնարավորություն կընձեռի կրթության ոլորտում ներմուծել ժամանակակից մոտեցումներ և կհարստացնի վիքի հարթակներում որակյալ բովանդակության ստեղծումն ու տարածումը,
- նպատակ ունենալով ուսանողներին հնարավորություն տալ տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել նաև գործնական հմտություններ:
Կնքված հուշագրով կողմերը պարտավորվեցին՝
- համագործակցել Հայաստանում Վիքիմեդիա նախագծերում բովանդակության ստեղծման և զարգացման գործում,
- ապահովել Վիքիմեդիա բովանդակությունից օգտվելու և Վիքի գործիքները կրթական գործընթացում ներդնելու գործում:
Համագործակցության շրջանակներում կողմերի պատասխանատվությամբ կիրականացվեն մի շարք աշխատանքներ:
Մասնավորապես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պարտավոր է՝
- Աջակցել հայերենով որակյալ բովանդակության ստեղծմանն ու ազատ գիտելիքի տարածմանը համացանցում:
- Խրախուսել վիքինախագծերի ներդրումն ուսումնական պրոցեսում և դասախոսների ու ուսանողների ակտիվ մասնակցությունը Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին:
- Ուսումնական գործընթացի ազդեցության գնահատման մեջ օգտագործել վիքիմեդիա նախագծերում ուսանողների արձանագրած արդյունքների վերաբերյալ Վիքիմեդիա Հայաստանի վիճակագրական տվյալները:
- Վիքիպեդիան ու մյուս նախագծերը ուսումնական գործընթացում կիրառելը ներառել դասախոսների գնահատման կարգի մեջ:
- Ուսանողների ուսումնական պրակտիկան կազմակերպել նաև Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությունում:
- Տարածել Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն համալսարանի ուսանողների և շրջանավարտների շրջանում:
- Վիքիմեդիա Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու համալսարանի կողմից իրականացվող այն նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածել ագատ գիտելիքի գաղափարն ու Վիքիմեդիա նախագծերում խմբագրելու սկզբունքները:
Վիքիմեդիա Հայաստանը պարտավոր է՝
- Պարբերաբար և ըստ անհրաժեշտության կազմակերպել դասախոսների վերապատրաստում Վիքիմեդիա նախագծերը ուսումնական գործընթացում կիրառելու վերաբերյալ և հընթացս տրամադրել խորհրդատվություն:
- Աջակցել դասավանդման գործընթացում Վիքիմեդիա նախագծերի և գործիքների օգնությամբ ուսումնական առաջադրանքների մշակմանը:
- Պարբերաբար կազմակերպել ուսանողների՝ վիքիխմբագրման գործիքների վերապատրաստում և, ըստ անհրաժեշտության, տրամադրել մասնագիտական աջակցություն:
- Համալսարանի դասախոսների հետ համատեղ կազմել մասնագիտական տարբեր ոլորտներից խմբագրման ենթակա հոդվածների ցանկը:
- Համալսարանի կողմից իրականացվող մասնագիտական կողմնորոշման դասընթացներում ներառել Վիքիմեդիա շարժման և վիքիխմբագրման մասին բաղադրիչ և աջակցել դրա ներկայացմանը աշակերտների հետ հանդիպումների ժամանակ:
- Համալսարանի ուսանողներին ընձեռել Վիքիմեդիա Հայաստանում վերապատրաստվելու և ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորություն:
- Համալսարանին տրամադրել Վիքիմեդիա նախագծերում ուսանողների կատարած աշխատանքների ծավալի վերաբերյալ վիճակագրական մանրամասն տվյալներ: