- Главная
- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդիպեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ
2021թ. մարտի 4-ին Տավուշի թեմի («ՏաՀույս») առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդիպեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ «Մաշտոց» հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, նույն բաժնի մասնագետ Էրինե Ղարայանը, մասնաճյուղի՝ «Մաշտոց» հիմնադրամի կրթաթոշակառու 31 ուսանող, Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակը «Մաշտոց» հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողների հետ համագործակցության զարգացումն էր:
Տավուշի թեմի առաջնորդը ողջունեց ուսանողներին, ծանոթացավ հանդիպման մասնակիցների հետ, անձնական օրինակով ուսանողներին բացատրեց, թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունի կրթությունը մարդու և հասարակության կյանքում. «Յուրաքանչյուրդ ձեր ոլորտում պետք է լավագույնը լինեք, մրցակից չպետք է ունենաք: «Յոլա գնալու», «մի կտոր հացի» գաղափարով ո՛չ ուսումնառություն արեք, ո՛չ էլ ապրեք, խնդրում եմ ձեզ: Լավագույնը լինելու դեպքում, հավատացե՛ք, դուք նույնիսկ չեք գնալու «մի կտոր հացի» հետևից, ամեն ինչ ձեր հետևից է գալու: …Ես ամբողջ կյանքում ձգտել եմ ուսումնառության մեջ լինել: Վերջին կրթությունս ստանալու համար 39 տարեկանում եմ գնացել համալսարան, պատկերացրեք՝ ուսանել եմ ինձնից 15-20 տարով փոքր մարդկանց հետ»:
Իր խոսքը եզրափակելով՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ կրթությունը միայն գիտելիք չէ: Կրթությունը առաքինի մարդ դառնալու, բարձր արժեքների, հմտությունների, գիտելիքի, հոգևոր արժեքների ձեռքբերման ճանապարհ է:
Հանդիպման վերջում ուսանողներն արտահայտվեցին, որ հանդիպում-քննարկումը հետաքրքիր էր և ուսանելի, ցանկություն հայտնեցին, որ նման հանդիպումները լինեն շարունակական և սիրով համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին: Ուսանողներից մեկը՝ Անուշ Խաչատրյանը, նաև հանդես եկավ Բագրատ Սրբազանին և «Մաշտոց» հիմնադրամի ֆինանսավորողներին ուղղված շնորհակալական խոսքով: