- Главная
- «Քեզ սրբորեն կոչել մայրենի, քեզանով ենք մենք դարեդար հառնել... Ու թե քեզ դավենք, ուրեմն չունենք հող ու հայրենիք…». մասնաճյուղում կայացավ մայրենիին նվիրված միջոցառում
2021թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մայրենի լեզվին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական գիտական ընկերությունը:
Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի անդամները, ուսանողներ:
Միջոցառման մասնակիցները՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողները, հանդես եկան մայրենի լեզվին նվիրված ոգեշունչ բանաստեղծություններով ու էսսեներով (Սիրանուշ Սարդարյան. «Հրեշտականման լեզու»), ներկայացրին մայրենիին նվիրված տոնի նախապատմությունը, թե ինչպես 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Հայաստանում այն նշվում է 2005 թվականից:
Լեզվին նվիրված ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին ոսկեղենիկ հայերենի մասին հայ և համաշխարհային մեծերի ասույթները, ցուցադրվեցին հայոց այբուբենի և լեզվի մասին տեսահոլովակներ:
Իրենց ելույթներում ուսանողներն ընդգծեցին, որ հիրավի «լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը…» (Հովհ. Թումանյան): Դարեր ի վեր սառնորակ աղբյուրի նման սնող ամրակուռ մայրենին մշտապես ծարավը հագեցնող անցորդներին է նվիրել իր խորքերում խնամքով փայփայած հրաշակերտ ադամանդներ. շնորհաշատ, գիտուն, խորամիտ անհատների միջոցով գալիք սերունդներին է ավանդել գիտական, պատմամշակութային հսկայական հարուստ ժառանգություն:
Միջոցառման վերջում մայրենի լեզվի արժևորման խոսքով հանդես եկան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Վ.Ավագյանը և ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Կ.Պողոսյանը՝ մատաղ սերնդին պատգամելով սիրել, փայփայել և անաղարտ պահել մեր մայրենին՝ «հնաբառ, մեսրոպատառ, աղբյուրի պես ջինջ ու կայտառ, մոր նման
միշտ տուն կանչող, մայր հողի պես միշտ կանաչող» լեզուն հայոց...