2020թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների ամփոփում:
  2. «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգ»-ում լրացում կատարելու որոշման կիրարկման մասին:
  3. Ընթացիկ հարցեր.

3.1. Ուսման վարձերի վճարման դինամիկայի մասին:

3.2. Մագիստրատուրայի դասերի կազմակերպման և ընթացքի մասին:

3.3. Մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցի մասին:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ նախ, ըստ ֆակուլտետների, զեկուցեցին դեկանները, ապա մասնաճյուղի առաջադիմության ընդհանուր պատկերը ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի 562 ուսանողից դրական գնահատականներ է ստացել 501 ուսանող: Չներկայացած կամ անբավարար է ստացել 61 ուսանող: Ընդհանուր առաջադիմությունը կազմում է 89%:

Որոշվեց - 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների մասին ֆակուլտետների դեկանների և ՈՒՄՎ պետի զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Օրակարգի երկրորդ հարցի մասին հաղորդեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2020թ. նոյեմբերի 19-ի նիստում ներկայացվել է «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգ»-ում լրացում կատարելու նախագիծը: Տվյալ նախագծով առաջարկվել է կարգը լրացնել նոր՝ «Պրակտիկայի անցկացումը հեռավար (առցանց) եղանակով» բաժնով: Ըստ նոր բաժնի դրույթների՝ որոշակի հանգամանքների (արտակարգ դրության, ռազմական դրության, համաճարակի և այլն) դեպքում ուսանողների պրակտիկան, ըստ անհրաժեշտության, կարող է կազմակերպվել հեռավար (առցանց) եղանակով: Նախագծի համաձայն՝ ուսումնական պրակտիկան առցանց անցկացվում է ԵՊՀ դասախոսների կողմից՝ օգտագործելով համապատասխան գործիքակազմ՝ համակարգչային վիրտուալ լաբորատորիաներ, տարբեր թվային հարթակներ, ուսումնական տեսաֆիլմեր, ներկայացումներ և այլն: Մասնագիտական պրակտիկան առցանց անցկացվում է կարգով նախատեսված վայրերում, որին մասնակցում են ֆակուլտետի կողմից նշանակված անմիջական ղեկավարը, ինչպես նաև ընդունող կողմի մասնագետները, իսկ մանկավարժական պրակտիկան առցանց անցկացվում է տվյալ պահին հանրակրթական ուսումնական հաստատության կողմից օգտագործվող հարթակ(ներ)ի միջոցով: ԵՊՀ գիտխորհուրդը հաստատել է առաջարկված փոփոխությունները: 

Ներկայացվեց նաև մի շարք արտասահմանյան (օրինակ՝ Հարվարդի համալսարան, Դերեկ Բոկի կենտրոն) և ՀՀ (օրինակ՝ ՀՊՄՀ) համալսարանների փորձը, երբ մանկավարժական պրակտիկան և այդ պրակտիկայի ժամանակ տարբեր կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող դասերը տեսաձայնագրվում են՝ հետագայում քննարկելու, բացթողումները վերհանելու և բարելավելու նպատակով։

Որոշվեց.

  1. ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաները առցանց կազմակերպելիս առաջնորդվել ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2020թ. նոյեմբերի 19-ի նիստի որոշումով հաստատված «Պրակտիկայի անցկացումը հեռավար (առցանց) եղանակով» բաժնի դրույթներով:
  2. Առցանց պրակտիկաները տեսաձայնագրել՝ հետագա մասնագիտական քննարկումների և պրակտիկայի բարելավման նպատակով:
  3. Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնին, ամբիոնների վարիչներին հանձնարարել հետևողական լինել, որպեսզի պրակտիկաների ղեկավարները պատշաճ կարգով, ըստ հաստատված ծրագրերի, իրականացնեն պրակտիկաները:

Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա ներկայացրեց առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների կողմից վարձավճարների մուծման հետ կապված խնդիրները՝ ըստ ֆակուլտետների: Հանրապետությունում և առանձնապես մարզում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով ուսանողությունը չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները և ժամանակին ու սահմանված չափով վճարել ուսման վարձը:

Ա.Մակարյանը նշեց, որ մասնաճյուղի տնօրենությունը միշտ ընդառաջ է գնացել ուսանողության դիմումներին, թույլատրել է հետաձգել վճարումները, և ոչ մի ուսանող դեռևս չի հեռացվել վարձավճարը չմուծելու պատճառով: Սակայն մասնաճյուղի բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել դրամական միջոցների որոշակի մինիմալ մուտքեր: Այդ տեսակետից ֆակուլտետների դեկանատները հաշվապահության հետ համատեղ պետք է աշխատեն՝ ցուցաբերելով անհատական մոտեցում ամեն մի ուսանողի նկատմամբ:

Որոշվեց՝ ուսման վարձերի վճարման դինամիկայի մասին Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երկրորդ ընթացիկ հարցի մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2020-2021 ուստարում ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով  հեռակա ուսուցմամբ  մագիստրատուրա լիցենզիայով սահմանված 25 տեղի համար ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 12-ը դիմել էր մասնաճյուղի տարբեր տարիների և այլ ՀՀ պետական բուհերի բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող 38 շրջանավարտ: Ընդունելությունը կազմակերպվել է երկու փուլով. 2020թ. հոկտեմբերի 23-24-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել են մագիստրատուրայի ընդունելության հարցազրույցը և քննությունը: Մանդատային հանձնաժողովի որոշմամբ՝ հարցազրույց է անցկացվել 7 դիմորդի հետ, ովքեր ԵՊՀ ԻՄ-ում ստացել են մանկավարժի լրացուցիչ որակավորում, եղել են «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտներ կամ ունեցել են առնվազն 5 տարվա մանկավարժական փորձ: «Մանկավարժություն» առարկայից, ըստ նախապես տրամադրված հարցաշարի, քննություն պետք է հանձներ 31 դիմորդ, որից 6-ը, սակայն, չի ներկայացել քննությանը:

Արդեն չորրորդ օրն է՝ ս.թ. նոյեմբերի 16-ից, ինչ առցանց եղանակով՝ միասնական Zoom հարթակում, մեկնարկել են մագիստրատուրայի դասերը: Դասաբաշխումն իրականացվել է այնպես, որ մասնագիտական դասընթացները վարում են բացառապես գիտությունների դոկտորներ։ Դասերն իրականացվում են պատշաճ կարգով, ըստ հաստատված դասացուցակի: 

Որոշվեց՝ մագիստրատուրայի դասերի կազմակերպման և ընթացքի մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցեց դարձյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը ներկայացրել է զեկուցագիր՝ ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանող Խաժակ Սահակի Սարգսյանին մասնաճյուղից հեռացնելու մասին՝ այլ բուհ տեղափոխվելու կապակցությամբ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքներին և առաջին ընթացիկ քննություններին չմասնակցելու, կիսամյակի ուսման վարձը սահմանված ժամկետներում չվճարելու պատճառով:  

Որոշվեց, հիմք ընդունելով Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանի զեկուցագիրը, «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանող Խաժակ Սահակի Սարգսյանին հեռացնել մասնաճյուղից:

Опубликовать материал
©2024 Все права защищены.