- Главная
- 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի պրակտիկաներն անցկացվում են առցանց
2020թ. մարտի 16-ից՝ հանրապետությունում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ինչպես ՀՀ այլ բուհեր, ուսանողների ուսումնառությունը չընդհատելու նպատակով քայլեր ձեռնարկեց առցանց եղանակով իրականացնելու ուսումնական գործընթացները, այդ թվում՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաները:
Հաշվի առնելով, որ առցանց ուսուցման կազմակերպումը նորություն է պրակտիկա իրականացնող կողմերի համար՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժինը Zoom առցանց հարթակի միջոցով նրանց հետ իրականացրել է ամենօրյա քննարկումներ և խորհրդատվություններ, ծանոթացրել է նրանց պրակտիկայի ղեկավարների և ուսանողների հիմնական խնդիրներին, ինչպես նաև ապահովել է գործընթացի նկատմամբ հսկողություն:
Մանկավարժական պրակտիկաներն արդեն իրականացվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերում, դեռևս ընթացքի մեջ են նույն կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսում, «Պատմություն» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրսում:
Մանկավարժական առցանց պրակտիկաներն ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու դպրոցներում առցանց ուսուցման կազմակերպմանը, առաջացող խնդիրներին, օրինակ, թե տարրական դասարանի ուսուցչուհին ինչպես է կատարում մեթոդի ընտրությունը, ապահովում աշակերտների ներգրավվածությունը, ինչպես է գնահատում, արդյունավետ են արդյոք առցանց դասերը, ինչպես են դրանք ազդում սովորողների սոցիալականացման վրա և այլն։
Դրանք կազմակերպվել են անհատական (ուսանողների կողմից ընտրված դպրոցներում՝ ընդունող կողմի հետ ունենալով համապատասխան պայմանավորվածություն) և խմբային եղանակներով: Խմբային եղանակով մանկավարժական պրակտիկան կազմակերպվել է Իջևանի Ս.Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական և Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցներում՝ ուսուցման գործընթացի առցանց կազմակերպման հնարավորությունները դպրոցների ներկայացուցիչների հետ քննարկման և փոխպայմանավորվածության հիման վրա:
Նկատի ունենալով, որ պրակտիկայի ընթացքում կարող են առաջանալ դժվարություններ՝ յուրաքանչյուր դասարանին կցված ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսին քննարկվել է առանձին-առանձին: Ուսանողներն ունեին հանձնարարություն զուգահեռաբար կատարել առցանց դասերի դիտում և վերլուծություն, որոնք հասանելի են պաշտոնական կայքերում (https://heravar.armedu.am/, https://www.imdproc.am/, https://usum.am/ և այլն):
Ընթացքի մեջ են նաև ուսումնական և արտադրական պրակտիկաները «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 1-ին և 2-րդ, հեռակա ուսուցման 2-րդ կուրսերում, «Պատմություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 4-րդ կուրսում:
Ելնելով կրթական ծրագրերի առանձնահատկություններից՝ դրանք կազմակերպվում են պրակտիկայի ղեկավարների կողմից ուսումնական խնդիրների հիման վրա տրվող հանձնարարությունների կատարման միջոցով:
ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական
կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին