2020թ. ապրիլի 28-ից մեկնարկել են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքերի առցանց նախապաշտպանությունները:

Հետևելով ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի առցանց իրականացման վերաբերյալ որոշմանը՝ մասնաճյուղում ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն ու պաշտպանությունները նույնպես կազմակերպվելու են առցանց, միասնական Zoom հարթակում:

Ապրիլի 28-ին և 30-ին արդեն կայացել են Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները:

Ըստ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի՝ երկու կուրսերում էլ ավարտական աշխատանքների առցանց նախապաշտպանությունների գործընթացն անցել է նորմալ, իհարկե եղել են որոշ կազմակերպչական և տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք ընթացքում կարգավորվել են: Ա.Դավթյանի խոսքով՝ առցանց նախապաշտպանությունների փորձը հնարավորություն կտա պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու պաշտպանությունները: Ինչ վերաբերում է ուսանողների ընդհանուր պատրաստվածության մակարդակին, ապա, ըստ դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի, ողջունելի էր ուսանողների կողմից տեխնիկական միջոցների հմուտ կիրառության փաստը: Կային ուսանողներ, որոնց աշխատանքներն առավել ամբողջական էին՝ պաշտպանության պատրաստ: Որոշ աշխատանքներում էլ ամբիոնների վարիչների ու դասախոսների կողմից նկատվեցին թերություններ ու բացթողումներ, որոնք ուսանողներին հնարավորություն տրվեց շտկելու մեկ շաբաթվա ընթացքում:
Մյուս երեք ֆակուլտետներում նախապաշտպանությունները տեղի կունենան առաջիկայում` հաստատված ժամանակացույցի համապատասխան:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում մայիսի 2-ին կկայանան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», մայիսի 5-ին՝ «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», մայիսի 7-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները:
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», ինչպես նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության IV կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը կկայանա մայիսի 4-ին:
Մեր ուսանողներին մաղթում ենք ավարտական աշխատանքների նախապաշտպանության ու պաշտպանության հաջող ընթացք, որպեսզի նրանք կարողանան առավելագույնս դրսևորել իրենց գիտելիքներն ու հմտությունները և հասնեն ցանկալի արդյունքի:

Опубликовать материал
©2024 Все права защищены.