- Главная
- Մասնաճյուղում ընթանում է «Համակցված դասավանդում և ուսուցում» դասախոսների վերապատրաստման եռօրյա դասընթացը
2020թ. հունվարի 29-31-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է «Համակցված դասավանդում և ուսուցում» 12 ժամ տևողությամբ դասախոսների վերապատրաստման դասընթացը, որը վարում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմ. գիտ. թեկնածու Լիանա Գաբրիելյանը:
Դասընթացը Լ.Գաբրիելյանի կողմից կազմակերպվել էր ERASMUS+PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» ծրագրի շրջանակներում Գրացի Կիրառական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ձեռք բերված գիտելիքների հիման վրա:
Այս դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին ներկայացնել դասավանդման և ուսուցման նորարարական մեթոդները, ինչպիսիք են համակցված/խառը և էմերջենտ ուսուցումը, Moodle առցանց հարթակը, Trello հարթակը, էլեկտրոնային թղթապանակը և այլն, ինչպես նաև խթանել դասախոսներին կիրառելու ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներ դասավանդման և ուսուցման ընթացքում՝ կրթության արդյունավետությունը և ուսանողների ակտիվությունը բարձրացնելու համար:
Եռօրյա ինտենսիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթանում են համակցված ուսուցման հիմնական գաղափարին, դասավանդողի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի և անդրադարձ իրականացնողի նոր դերին, առցանց դասավանդման և ուսուցման մեթոդաբանության հինգ փուլերին, էլեկտրոնային թղթապանակի անհրաժեշտությանը, առցանց հարթակների հնարավորություններին՝ ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:
Վերապատրաստվողները դասընթացի ժամանակ ներգրավվում են թիմային աշխատանքներում, քննարկում և ներկայացնում յուրաքանչյուր մոդուլի հիմնական արդյունքները:
Առաջին օրը դասախոսներին ներկայացվել են համակցված ուսուցման՝ որպես ավանդական և առցանց ուսուցման հիբրիդային մեթոդի ներդրման հնարավորությունները, մեթոդի առավելություններն ու թերությունները, տեղայնացման, տեխնիկական խնդիրները:
Դասախոսները բավականին հետաքրքրված են դասընթացով: Ընդհանուր առմամբ սա ոչ միայն վերապատրաստում է, այլև նոր մոտեցումների, գաղափարների և սեփական փորձի փոխանակման հարթակ:
Դասընթացի վերջում մասնակիցները կնախապատրաստեն և կներկայացնեն նախագծեր՝ կիրառելով վերապատրաստման ընթացքում ձեռք բերված նոր մեթոդները և տեղեկատվությունը: