- Главная
- «Հաշվետար» դասընթացի 5 ակտիվ մասնակիցներին հանդիսավոր կերպով հանձնվեցին հավաստագրեր
2019թ. հունիսի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով հավաստագրեր հանձնվեցին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի կողմից կազմակերպված «Հաշվետար» դասընթացի 5 ակտիվ մասնակիցներին:
«Հաշվետար» դասընթացը մեկնարկել էր ապրիլի 15-ին և նպատակ ուներ մասնակիցներին ուսուցանել հաշվապահության նախնական գիտելիքներ և հմտություններ:
Դասընթացի կազմակերպմանն աջակցել է «Իջևանի ՀՀԳ» ՍՊԸ հաշվապահական ընկերությունը, որի հետ ԵՊՀ ԻՄ-ը ուսանողների ներուժի և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման նպատակով 2019թ. մայիսի 7-ին կնքել է համագործակցության հուշագիր: Ըստ այդմ՝ ընկերությունը պատրաստակամ է օժանդակել ԵՊՀ ԻՄ-ին՝ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերում իրականացնել մասնաճյուղի ուսանողների վերապատրաստում և նրանց ներառել իրենց կադրային բազայում:
«Հաշվետար» դասընթացը վարում էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը: Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ:
Մասնակիցները դասընթացի ժամանակ ստացան նախնական տեսական գիտելիքներ հաշվապահությունից, այնուհետև ծանոթացան «Հայկական ծրագրեր»-ին և «E-Invoicing» ծրագրին: Նրանք հնարավորություն ունեցան լուծել գործնական խնդիրներ և անմիջապես կիրառել իրենց ստացան գիտելիքները ծրագրերում:
Դասընթացի վերջում մասնակիցներն այցելեցին Իջևանում գործող հաշվապահական «Իջևանի ՀՀԳ» ՍՊԸ, որտեղ ծանոթացան ընկերության գործունեությանը, գործնական հաշվապահության և հարկային հաշվառման սկզբունքներին:
Հունիսի 28-ին՝ հավաստագրերի հանդիսավոր հանձնման ժամանակ, ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Վ. Ցուցուլյանը՝ ողջունելով դասընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին, կարևորելով մասնաճյուղում նման դասընթացների իրականացումը: Նա հույս հայտնեց, որ դասընթացը կունենա շարունակական բնույթ, և մեր ուսանողներից շատերը դեռ կկարողանան գործնական հաշվապահություն սովորել վերոնշյալ հուշագրի շրջանակներում:
Այնուհետև պարոն Ցուցուլյանը շնորհավորեց և դասընթացի հինգ ակտիվ մասնակիցներին հանձնեց հավաստագրերը: