- Главная
- Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանի հետ
2019թ. մայիսի 29-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2001թ. շրջանավարտ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Անդրանիկի Ներսիսյանի հետ:
- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
- Ծնվել եմ 1980 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքում:
- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:
- Ապրել եմ մեծ ընտանիքում. ծնողներս՝ հայրս, ինժեներ-շինարար է, մայրս՝ գրադարանավար: Ամուսնացած եմ, ամուսինս գյուղատնտեսական ոլորտում է աշխատում, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Ունեմ 2 բալիկ ՝ տղա և աղջիկ: Տղաս 12 տարեկան է, ունի երաժշտական օժտվածություն, կարծում եմ՝ այդ ասպարեզում հաջողություններ կունենա, աղջիկս դեռ փոքր է՝ 3 տարեկան:
- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
- Փոքր հասակից երազել եմ ուսուցչուհի դառնալ, կարծում եմ՝ երազանքս իրականություն է դարձել. արդեն 18 տարի է մանկավարժահոգեբանական ոլորտում եմ աշխատում:
- Ի՞նչ կրթություն եք ստացել:
- Սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ստացել մանկավարժ-հոգեբանի որակավորում:
- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- Կյանքիս լավագույն տարիներից են ԵՊՀ ԻՄ-ում սովորելու տարիները. այդտեղ ես մասնագիտական բազային կրթություն եմ ստացել, սովորել եմ ինքնուրույն սովորել, որն էլ հիմք ու հնարավորություն է դարձել աշխատելու և արժանապատիվ ապրելու:
- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
- Ունեմ 18 տարվա աշխատանքային փորձ: 2001-2003 թվականներին աշխատել եմ Իջևանի թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբան և կյանքի հմտությունների ուսուցիչ: 2003-ից մինչ այսօր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրենն եմ:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
- Թումանյան անվերջ կարող եմ կարդալ, զարմանալ ու հպարտանալ այդքան խորը բովանդակություն ունեցող հանճարով:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Վերջին կարդացածս գիրքը Ռ. Պալացիոյի «Հրաշք» վեպն է:
- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
- Շատ սիրում եմ դասական երաժշտություն, էստրադային, ժողովրդական. երգը թևեր է տալիս ինձ ճախրելու, երազելու:
- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
- Սիրում եմ Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը:
- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
- Շատ սիրում եմ սեղանի թենիս:
- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
- Օ՜, Հայաստանում շատ եմ սիրում իմ բնակավայրը՝ իմ Տավուշը, իմ Իջևանը, չեմ կարող չնշել նաև մայրաքաղաք Երևանը: Իսկ արտերկրում իմ երազանքի քաղաքը Փարիզն է:
- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
- Անկեղծությունը, ազնվությունը, աշխատասիրությունը:
- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
- «Լավություն արա, ջուրը գցիր». շատ եմ սիրում այս ժողովրդական ասացվածքը և հաճախ այդպես եմ վարվում:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- Հայրենիքս երբեք չեմ թողնի:
- Ինչի՞ց եք վախենում:
- Մենակ մնալուց:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Կարծում եմ՝ դեռ ժամանակ ունեմ հասցնելու ամեն բան և չափսոսալու:
- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
- Խուճապի չմատնվելը, ավելի հավասարակշռված դատելը: Կյանքում դժվարին իրավիճակները ինձ ավելի են ուժեղացրել և դրդել են դասեր քաղելու:
- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
- Իմ ամենամեծ ձեռքբերումը միանշանակ երեխաներս են:
- Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
- Լավատեսությունը, հավատը այն առաքելության հանդեպ, որի համար ես ապրում եմ, և սերը կյանքի հանդեպ:
- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
- Ցանկացած բան ճիշտ պլանավորելու դեպքում հաջողում ես:
- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
- Ես հավատում եմ մեր լուսավոր երիտասարդների ուժերին, պարզապես կուզենայի, որ նրանք գնահատեն կյանքի յուրաքանչյուր պահը և երբեք չծուլանան:
- Շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: