- Главная
- Կայացավ «Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկումը
2019թ. մայիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Իրենա Քալանթարյանը:
Ի.Քալանթարյանը շուրջ տասը տարի զբաղվում է Իջևանի տարածաշրջանի «Գետահովիտ-2» քարանձավի ուսումնասիրությամբ, ղեկավարում հնագիտական արշավախումբը: Նա երկու տարի մարզում եղել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի համաղեկավար, որն իրականացրել է հուշարձանների հայտնաբերմանն ուղղված տեղազննական աշխատանքներ:
ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված դաս-քննարկումը նպատակ ուներ բուհի ուսանողներին ներկայացնել, նրանց իրազեկել մարզում կատարվող հնագիտական աշխատանքների արդյունքների, գիտական աշխարհում նոր ձեռքբերումների վերաբերյալ:
Ի.Քալանթարյանը նախ անդրադարձավ մարզում հնագիտական ժառանգության ուսումնասիրման գործում կարևոր դերակատարություն ունեցած երախտավորներին, ապա շնորհանդեսի ուղեկցությամբ մանրամասն խոսեց «Գետահովիտ-2» քարանձավի և Դիլիջանի տարածաշրջանում գտնվող Հովքի դամբարանադաշտի մասին: Նա ներկայացրեց դրանց ուսումնասիրվածության աստիճանը, կարևորությունը, հուշարձանների առանձնահատկությունները, արդի խնդիրները, հայտնաբերված հնագիտական նյութի կարևորությունը, գիտության մեջ առաջադրվող խնդիրները, ուսումնասիրության անհրաժեշտությունը, օգտագործման հեռանկարները:
Քննարկվեցին մարզում կատարվելիք հնագիտական աշխատանքներին, պրակտիկայի շրջանակներում մասնաճյուղի ուսանողներին դրանց մասնակից դարձնելու հնարավորություններին, մարզում զբոսաշրջությունը զարգացնելու գործում հուշարձանների ընդգրկման հնարավորություններին և դրանց կարևորությանը վերաբերող հարցեր: Իր կողմից մշակված՝ հնագիտական հուշարձան-զբոսաշրջության այցելավայր համակարգի քննարկումն ու դրա կարևորությունը թերևս զեկուցման ամենաշեշտադրված հատվածներն էին:
Վերջում Իրենա Քալանթարյանը և քննարկման մասնակիցներն անդրադարձան մարզում հնագիտական ժառանգության նկատմամբ ժամանակակից սերնդի հետաքրքրվածությանը, վարքագծի՝ առավել հաճախ հանդիպող դրսևորումներին և նմանատիպ այլ հարցերի: