2019թ. մայիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Վիլյամ (Ուիլյամ) Շեքսպիրի ծննդյան 455-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակեպվել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին «Օտար լեզուներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, ներկա էին նույն մասնագիտության մյուս կուրսերի ուսանողները և ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Ուսանողներն անգլերենով ներկայացրին Շեքսպիրի կենսագրությունը, նրա հիմնական ստեղծագործությունները, արտասանեցին հատվածներ հայտնի ողբերգություններից, ինչպես նաև սոնետներ:

Մասնավորապես նշվեց, որ  Ուիլյամ Շեքսպիրը (William Shakespeare, 1564-1616 թթ.), ում հաճախ անվանում են Անգլիայի ժողովրդական բանաստեղծ, ծնվել է Մեծ Բրիտանիայի Ստրատֆորդ ըփոն Էյվոն քաղաքում: Շեքսպիրի գրական ժառանգությունն ընդգրկում է 154 սոնետ, 2 պոեմ և 36 պիես: Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի (1-ին՝ 1590-1600 թթ., 2-րդ՝ 1601-1608 թթ., 3-րդ՝ 1609-1612 թթ.), որոնցից ամենաարդյունավետը համարվում է երկրորդը, երբ գրվել են «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիուս և Կլեոպատրա» հայտնի ողբերգությունները և այլն: Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվել են ավելի հաճախ, քան որևէ այլ դրամատուրգի ստեղծագործություններ:

Միջոցառման մասնակիցները նաև պատրաստել էին Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի թրեյլերների թարգմանությունները, որոնք ձայնագրվել էին:

Շեքսպիրի ծննդյան 455-ամյակին նվիրված միջոցառումն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում:

Опубликовать материал
©2024 Все права защищены.