- Главная
- Կայացավ «Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինարը
2019թ. մայիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինարը, որը վարեց նախագծի ղեկավար Մարիամ Նահապետյանը:
Սեմինարին մասնակցում էին բուհի՝ գլխավորապես բնագիտական ուղղվածությամբ մի խումբ ուսանողներ և մի քանի աշակերտներ:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Ֆաբ Լաբ-ում սովորելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև քննարկվեց ուսանողների ներգրավվածությունը Ֆաբ Լաբ-ի աշխատանքներում:
Հիշեցնենք, որ «Ֆաբ Լաբ» ծրագիրը մեկնարկել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի Media Lab-ում՝ որպես Grassroots Invention Group-ի և Center for Bits and Atoms-ի միջև համագործակցության արդյունք: Ֆաբլաբը (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը: Ֆաբլաբի հնարավորություններից կարող են օգտվել բոլոր տարիքային խմբերի, տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների մարդիկ: Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի մարզի երիտասարդներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը:
ԵՊՀ ԻՄ-ում կայացած սեմինարի ընթացքում ուսանողներին ցուցադրվեցին որոշ սարքեր և դետալներ, որոնք պատրաստվել են ֆաբլաբում:
Ուսանողների կողմից առաջարկվեց կուրսային և ավարտական աշխատանքների նախագծերը պատրաստել Դիլիջանի ֆաբլաբում:
Նախատեսվում է, որ առաջիկայում մասնաճյուղի ուսանողներն այցելեն Դիլիջանի ֆաբլաբ՝ ծանոթանալու այնտեղ տեղակայված սարքավորումներին և մասնակցելու փորձնական դասի, իսկ հունիսից՝ Ֆաբ Լաբի դասընթացներին:
Ուսումնառության ընթացքում ուսանողները կնախագծեն և կպատրաստեն սեփական գաղափարներով սարքեր: