- Главная
- ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Վարդգես Դավթյանի գրքերի շնորհանդես-քննարկումը
2019թ. ապրիլի 15-ին ԵՊՀ իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ ամերիկաբնակ գրող Վարդգես Դավթյանի՝ վերրջին տարիներին հրատարակած գրքերի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Տավուշի մարզային և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանների համատեղ նախաձեռնությամբ:
Ներկա էին Տավուշի մարզային գրադարանի աշխատակիցները, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:
Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը. «Այսօր հեռահայաց փորձ կատարենք հաղորդակցվել, անդրադառնալ գրող, հրապարակախոս, հոգեբույժ Վարդգես Դավթյանի գրական վաստակին: Վարդգես Դավթյանը, լինելով մասնագիտությամբ բժիշկ, հոգեբույժ, փորձ կատարեց իր մասնագիտական հայացքներին տալ գեղարվեստական կերպավորում և հանձնել թղթին: Գրող Վարդգես Դավթյանը տպագրվում է 1988 թվականից («Անդրանիկ Մեհրաբյան, Երևան, 1988, «Հոգեբույժը հրավիրում է զրույցի», Երևան, 1992, «Մտավորականը և նևրոզը», Երևան, 1994, «Ինչու խելագարվեց Անուշը», Երևան, 1994 և այլն): Հատկապես ուշագրավ են Վարդգես Դավթյանի ամերիկյան շրջանի ստեծագործություններն ու գրքերը («Կանգնեցեք աշխարհ, ես ուզում եմ իջնել», Լոս Անջելես, 2002, «Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը», Լոս Անջելես, 2004, «Լեգիտիմ կատակներ լրջանալու պահին», Լոս Անջելես, 2012, «Հեքիաթներ Ամերիկայի մասին», Լոս Անջելես, 2017, «Մտորումներ թամբի վրա», Երևան, 2016, «Կնքամայրը», Լոս Անջելես, 2017)»:
Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Ա.Ղուկասյանը իր խոսքում կարևորեց Վարդգես Դավթյան գրողի և ընթերցողի կապի անհրաժեշտությունը՝ նշելով, որ ընթերցողը Վարդգես Դավթյանի ստեղծագործությունների միջոցով հայտնվում է Ամերիկայի հայ իրականության մեջ, գիտակցում հայապահպանության և ազգային արժեքների կորստյան վտանգը:
Վարդգես Դավթյանի «Հեքիաթներ Ամերիկայի մասին» աշխատությունը գրականագիտական վերլուծության ենթարկեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աիդա Սարհատյանը. «Վարդգես Դավթյան արձակագիրը նոր անուն է մեր գրականության մեջ. նա իր ստեղծագործությունների ժողովածուներով ընթերցողի առաջ նոր գույներով ու բովանդակությամբ է ներկայացնում օվկիանոսից այն կողմ գտնվող մի երկիր, որ շատերի համար երկիր դրախտավայր է, խորհրդանիշն ազատության ու հարստացման, ոմանց համար հուսախաբությամբ ու հուսալքությամբ, նաև կարոտաբաղձությամբ լեցուն օտար մի աշխարհ, ոմանց համար էլ մայր հայրենիքում ծայր աղքատության մեջ թողած ընտանիքը ոտքի կանգնեցնելու միջոց, սոցիալական ծանրագույն վիճակից դուրս բերող հույսի ու հավատի ճառագայթ...
Ահա «Հեքիաթներ Ամերիկայի մասին» հոգեբանական ճեպանովելները, որոնք ճանաչողական ու դաստիարակչական արժեք են ներկայացնում... Պայծառ չեն գույները, պատկերներից լույս չի ճառագում... բարին չի հաղթում չարին, անիրական ու հնարովի դեպքեր ու դեմքեր չկան: Հերոսներին կյանքը նետել է Ամերիկա, ու թեև հիվանդ ու միայնակ, բայց ապրում են նրանք լավ ապրելու հեռանկարով՝ կարոտ մարդկային սիրո ու ջերմության...»:
«Մտորումներ թամբի վրա» աշխատությանն անդրադարձավ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ալիսա Հասանյանը՝ իր խոսքում շեշտելով. «Ինձ համար շատ հետաքրքիր է ճեպանովելի ժանրը: Հեղինակն իր ապրածը, զգացածը, տարիների նստվածքը հետաքրքիր կերպով վերարտադրել է իր փոքրիկ ակնարկ-զրույցներում, որոնք ավանդականի, գեղեցիկի, մարդկային նուրբ արդյունքների ինքնատիպ հյուսվածք են: Ակնառու է այն ուժեղ հոգեվերլուծությունը, որով նա բացահայտում է իր հերոսներին, նրանց ներաշխարհը: Հեղինակի հոգում յուրովի են բեկվում մեր ժամանակների հասարակական-քաղաքական իրողությունները, որոնք գեղարվեստական վերարտադրությամբ յուրօրինակ ակնարկներն են: Օրերի և տարածության հեռվից նա հոգով իր բնաշխարհի հետ է ու պահպանում է հոգու մեջ եղած հայկականն ու ավանդականը: Լավ է, որ «Երկիր դրախտավայր»-ի բնակչին «Ապակե գազանանոցը» չի կլանել... Ասում են՝ հիշողությունը սրտի երգ է, որի ձայնը չի լսվում. երգում ես ինքդ քեզ համար. Դավթյանի գրքերում լսում ես այդ երգը...»:
Վերջին՝ «Կնքամայրը» գրքին անդրադարձավ Տավուշի մարզային գրադարանի աշխատակից, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Լիանա Բազինյանը: