2019թ. մարտի 21-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց մարզային “France Bleu Drôme Ardèche” ռադիոընկերությունում:

Վալանսի փոխքաղաքապետ Ֆրանկ Դոման, ով միաժամանակ վարում է «Պատրաստենք միասին» հաղորդումը, մեր համալսարանականներին առաջարկել էր ուղիղ եթերում մասնակցել հայկական խոհանոցին նվիրված հաղորդմանը, որին մասնակցում էր նաև Վալանսում ճանաչված հրուշակագործ Արմինե Իսպիրյանը:

Հաղորդման սկզբում Ա.Մարդանյանը հաղորդավարի խնդրանքով ներկայացրեց Իջևանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, հեղափոխությունից հետո մեր երկրում կատարված փոփոխությունները և առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի հինգ ուսանողուհիները ներկայացրին հարիսայի, տոլմայի, քյուֆթայի, փախլավայի և հայկական ավանդական գաթայի պատրաստման բաղադրատոմսերը:

Հաղորդումից հետո հաղորդավարը՝ Վալանսի փոխքաղաքապետ Ֆրանկ Դոման, շեշտեց, որ տպավորված է հայկական պատվիրակության ֆրանսերեն խոսքով: Նա պատվիրակության անդամներին ծանոթացրեց ռադիոյի տարբեր բաժինների աշխատանքներին:

Այցի վերջում հաճելի անակնկալ մատուցեց Ա.Իսպիրյանը իր պատրաստած փախլավայով, իսկ Իջևանի պատվիրակությունը՝ Հայաստանում պատրաստված գաթայով:

Опубликовать материал
©2024 Все права защищены.