- Главная
- Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված՝ 2019թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը
2019թ. մարտի 16-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը, որն արդեն 11-րդ անգամ կազմակերպում է ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Տավուշի մարզում օլիմպիադայի անցկացման աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:
Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:
Դպրոցական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը: Նա կարևորեց ավարտական քննություններից առաջ նման մրցույթների անցկացումը, մասնակիցներին մաղթեց հաջողություններ, անդրադարձավ ԵՊՀ-ին և մասնաճյուղին, խոսեց մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց մասնակիցների ցուցակները, ըստ այդմ՝ դասախոսները և ուսանողները օլիմպիադայի մասնակիցներին ուղեկցեցին լսարաններ և սկսեցին օլիմպիադան:
Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 34 դպրոցի 235 աշակերտ` հանրակրթական 13 առարկաների գծով.
Օլիմպիադայի մասնակիցներին տրվեցին ԵՊՀ-ի, նրա տարբեր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի տեղեկատվական թերթիկներ (բուկլետներ):
Օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով: Օլիմպիադայի 2-րդ փուլը կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11.00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15.00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
Ի գիտություն՝ ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ-ի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: