- Главная
- ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների մասնակցությամբ ամփոփվեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» 4-ամսյա ծրագիրը
2019թ. մարտի 15-ին Իջևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» 4-ամսյա ծրագրի ամփոփումը:
Ծրագրում ընդգրկված էին 18-20 տարեկան 17 երիտասարդներ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ են:
Նրանք հնարավորություն ստացան զարգացնելու և հզորացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները քաղաքացիական-հասարակական ոլորտում, նոր մակարդակի հասցնելու ՏԻՄ-երիտասարդություն կապը և տեղական որոշումների մակարդակում լսելի դարձնելու երիտասարդության ձայնն ու առաջարկները:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ, խմբի անդամների կարողությունների և գիտելիքների հզորացում՝ շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների վերաբերյալ:
Մասնակիցները սովորել են, թե ինչպես պլանավորել շահերի պաշտպանության քայլերը, բացահայտել հիմնախնդիրը, քարտեզագրել առկա ներքին ու արտաքին ռեսուրսները, գնահատել կարիքները և այլն: Նրանք երիտասարդների շրջանում իրականացրել են նաև հանրային հարցումներ, որոնց արդյունքների հիման վրա կազմել են առաջարկությունների փաթեթ՝ ՏԻՄ-երին ներկայացնելու համար:
Իջևանի համայնքապետի և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին նաև գործընկեր կազմակերպությունների՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ, խումբը ներկայացրեց առաջարկություններ՝ համայնքում երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև համագործակցության խորացման նպատակով: Առաջարկվում էր, օրինակ, Իջևան համայնքի բյուջեով երիտասարդական փոքր նախաձեռնությունների ֆինանսավորում հատկացնել՝ տեղական դրամաշնորհների հայտարարման կարգով:
Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորեց երիտասարդների նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնեց համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու: Նա նշեց, որ ավագանու հետ անպայման կքննարկեն առաջարկները և երիտասարդների հետ շփումները կդարձնեն ավելի հաճախակի:
Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
Ծրագրի ամենագլխավոր արդյունքն այն է, որ հիմք դրվեց երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև նոր համագործակցության, որը հնարավորություն կտա երկխոսության ծավալման, նոր գաղափարների քննարկման ու համայնքում երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման համար: Հավելենք, որ երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ.) շրջանակներում՝ Իջևանի համայնքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: