Ամանորյա շնորհավորանքի նկար Ահա մի քանի օրից մուտք կգործենք 2019 թվական, կդիմավորենք Նոր տարին...

Ամանոր, Նոր տարի... անակնկալներով և հրաշքներով լեցուն մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները և նոր հույսերով, երազանքներով ու նպատակներով թևակոխում նոր տարի...

Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ այս Նոր տարին լինի անխաթար խաղաղության, ծով բարության, նվիրական իղձերի և մեծ նպատակների իրականացման տարի՝ ի շահ մեր երկրի բարօրության, զարգացման և առաջընթացի:

Թո՛ղ այս տարի մեր հոգիներում իշխեն լույսն ու ներդաշնակությունը, բոլորիս ընտանիքներում հաստատվեն, տանտեր դառնան սերն ու փոխըմբռնումը, ջերմությունն ու առատությունը, զնգուն հնչի մանկան ճիչը, կարկաչի մեծի լիաթոք ծիծաղը...

Ուրախ սրտով, մաքուր հոգով դիմավորենք Նոր տարին...

...Արի՜, Նո՛ր Տարի
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով 
Ուշ մնացածին
Քնով տարվածին
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին
Հիասթափվածին՝ նոր մի հիացում
Սիրասթափվածին՝ մի նոր միացում
Ձեռքից հավատը փախուստ տվածին
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր
Մանկանը՝ մեծի մտքի լիացում
Մեծին՝ մանուկի անարատություն
Տափարակներին՝ Արարատություն
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն
Որ նրա վրա Քաղցը այսուհետ 
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած 
Տրվի ճախրանքի
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ
Ո՛չ մի ազգ ու ցեղ 
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- 
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար
Նաև հասկանա՛նք
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր 
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր...

________________________________________________________

Փոքրիկ ակնարկ՝ դեղին հողե խոզի տարվա մասին

 664982019 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, դեղին հողե խոզի տարի է: Ըստ առասպելի՝ խոզը վերջինն էր, որ եկել էր Նոր տարվա տոնակատարությանը: Խոզն ավարտում է Արևելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը:

Այս կենդանակերպի առանձնահատկություններից են քաջությունը, ազնվությունը, առատաձեռնությունը, հպարտությունը և հանդուրժողականությունը:

Դեղին հողե խոզը բնութագրվում է նյութականի հետ կապվածությամբ, գյուղատնտեսության և հողագործության վրա բարենպաստ ազդեցությամբ: Համարվում է, որ 2019 թվականը բարեհաջող կլինի ինքնադրսևորվելու, կարևոր խնդիրներ լուծելու, ընտանիք կազմելու, բիզնեսը զարգացնելու, նոր գործընկերներ գտնելու հարցերում:

Տարվա գլխավոր գույնը դեղինն է, որը խորհրդանշում է ֆինանսական հաջողություն, բերրիություն և կայունություն:

Դեղին վարազին հաճոյանալու համար խորհուրդ է տրվում ոսկե գնդակներով զարդարել տոնածառը, սենյակներում դնել նարինջներ, ընկույզներ և կաղամբներ, տարվա խորհրդանիշի կերպարով արձանիկներ: Նախընտրելի է համարվում կրել ոսկեգույն, դարչնագույն կամ մոխրագույն, արծաթագույն զգեստներ, ճոխ զարդեր, քանզի տարվա խորհրդանիշը ճոխության սիրահար է:   

Опубликовать материал
©2024 Все права защищены.