- Главная
- ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացվեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» ծրագիրը
2018թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Վորլդ Վիժն Հայաստան» (ՎՎՀ) Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանի հանդիպումը ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում Ա.Ալիխանյանն ուսանողներին ներկայացրեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» նոր ծրագիրը, որն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի գրասենյակը՝ Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Նշվեց, որ նախագիծը հնարավոր է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ.) շնորհիվ, որն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:
Ներկայացվեց, որ ծրագրի շրջանակներում կհզորացվեն մոտ 15 երիտասարդների կարողություններ և գիտելիքներ շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների ոլորտներում:
Նշվեց, որ ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցությունը ցածր է, որը փաստվել է նաև “Facebook” սոցիալական ցանցում օնլայն հարցման արդյունքներով: Հարցվածների 41.3%-ի կարծիքով երիտասարդը չի մասնակցում և չի կարևորում իր դերը որոշումների կայացմանը համայնքային մակարդակում, քանի որ տեղեկացված չէ ՏԻՄ-երի գործունեության մասին: Հարցվածների 29.3%-ն էլ կարծում է, որ երիտասարդությունը չունի կարողություններ և անհրաժեշտ գիտելիքներ ՏԻՄ-երի հետ համագործակցաբար աշխատելու և քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: Հիմնական խնդիրը ՏԻՄ-երի աշխատանքի վերաբերյալ երիտասարդների անտեղյակությունն է:
Ա.Ալիխանյանն ընդգծեց, որ ծրագրի մասնակիցները կստանան համայնքային-քաղաքացիական խնդիրների բացահայտման և խնդիրների լուծման ռազմավարությունների մշակման վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, կաշխատեն ավագանու հետ և կմշակեն Իջևանի համայնքապետարանին ներկայացվող առաջարկությունների փաթեթ՝ Իջևան համայնքի բյուջեով երիտասարդական նախաձեռնությունների ֆինանսավորման նպատակով: Ծրագիրը նաև համապատասխանում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությանը, որը հասարակական-քաղաքացիական և այլ մակարդակներում երիտասարդների մասնակցության գործոնը ամրագրում է որպես գերակայություն:
ՎՎՀ Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգողը հավելեց, որ ծրագիրը համահունչ է նաև Իջևան համայնքի զարգացման 2017-2021 թթ. հնգամյա ծրագրին, որի հիմնական նպատակներից են սահմանված տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացումը՝ մասնակցության նոր մեթոդների ու ձևերի ներդրման և աստիճանական զարգացման միջոցով:
Նոր ձևավորվող խմբի համար առաջիկայում կսկսվեն կարողությունների զարգացման վերապատրաստումները: