- Главная
- Մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված հերթական միջոցառումը
2018թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված հերթական միջոցառումը, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանը:
Այս տարի, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-12-ին Հայաստանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի առիթով Հայաստան են ժամանել Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաև ֆրանկոֆոն այլ երկրներից բազմաթիվ պատվիրակություններ: Հայաստանը ողողված է ֆրանսերենով և ֆրանսիական շնչով, որից չէր կարող անմասն մնալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:
ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված միջոցառումը նվիրված էր գլխավորապես Փարիզի տեսարժան վայրերին:
Միջոցառմանը մասնակցող «ՖԼԳ» և «ԱԼԳ» մասնագիտությունների ուսանողները պրեզենտացիաների ուղեկցությամբ ներկայացրին երգեր ու բանաստեղծություններ:
Անդրադարձ կատարվեց Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակին, Շանզ Էլիզե պողոտային, Կոնկորդ հրապարակին, Տյուլիեղի զբոսայգուն, Փարիզի Աստվածամոր տաճարին:
Ներկայացվեցին Օրսե և Լուվր թանգարանները: Շեշտվեց, որ Լուվրը աշխարհում ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկն է, այնտեղ է տեղակայված բոլորին հայտնի Ջոկոնդան, Համուրաբիի կոդը և այլ աշխարհահռչակ գլուխգործոցներ:
Օրսե թանգարանում հիմնականում ցուցադրված են իմպրեսիոնիստական շարժման նկարիչներ Մանեի, Դեգայի, Սեզանի, Ռընուառի և այլոց գլուխգործոցները:
Անդրադարձ կատարվեց նաև վերոնշյալ թանգարաններում զետեղված ամենահայտնի կտավներին և քանդակներին:
Մեր ուսանողներն իրենց գեղեցիկ ելույթներով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ֆրանսերենը սիրո և երաժշտության լեզու է: