- Главная
- Վալանսի պաշտոնական պատվիրակության և զբոսաշրջիկների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2018թ. հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել Իջևանի բարեկամ Վալանս քաղաքի պաշտոնական պատվիրակությունը և զբոսաշրջիկների՝ 40 հոգուց բաղկացած խումբը:
Պատվիրակության կազմում էին Վալանսի քաղաքապետ Ն.Դարագոնը, փոխքաղաքապետ Ֆ.Դոման, Հայկական բարեգործական ընդհանուր միության Վալանսի մասնաճյուղի նախագահ Կեվին Մարկարյանը, «Վալանսի քույր քաղաաքներ» բարեկամության կոմիտեի նախագահ Ֆ.Ռիշբեն, քաղաքապետի խորհրդականներ Մ.Մարենը, Գ.Ռաստկլանը, Ն.Իլոզերը, «Մայեստրիս» համալսարանի տնօրենի օգնական Է.Տանը և այլ պաշտոնյաներ:
Հանդիպմանը մասնակցում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, մասնաճյուղի նախկին դասախոս Գ.Դանսետ-Համզյանը, Սիլվի Քոչյան-Բասմաջյանը, Սիլվիան Ջերանյանը, ովքեր Վալանսում հայանպաստ գործունեություն են ծավալում և հյուրընկալել էին մեր ուսանողներին ու դասախոսներին նախորդ տարիների այցերի ժամանակ:
Վալանսի պաշտոնական պատվիրակությանն ընդունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը: Նա շնորհակալություն հայտնեց համալսարան այցելելու, Ֆրանսիայում հայանպաստ գործունեություն ծավալելու, ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցելու համար: Պարոն Ցուցուլյանն ընդգծեց, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունից հետո բնակատեղի է դարձել բազմաթիվ հայերի համար, ովքեր իրենց մտքի և բազկի ուժը ծառայեցրել են Ֆրանսիայի բարգավաճմանը: Նա նաև նշեց, որ ուսանողների փոխանակման ծրագիրը մեծապես նպաստում է ֆրանկոֆոնիայի տարածմանը:
Վալանսի քաղաքապետ Ն.Դարագոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ֆրանսահայերը շատ արագ ինտեգրվում են և հաջողություններ գրանցում իրենց աշխատանքում: Քաղաքապետը շեշտեց, որ ֆրանսիական կողմը կշարունակի աջակցել ուսանողների փոխանակման ծրագրին:
Նա իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ՝ «Կիրառական արվեստ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների գծով: Պարոն Դարագոնը նաև հայտնեց, որ այս ուսումնական տարում 10 հոգուց բաղկացած խմբի կհրավիրեն կատարելագործելու ֆրանսերենի իրենց իմացությունը «Մայեստրիս» համալսարանում:
Մտքերի փոխանակությունից հետո պատվիրակության անդամները հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ օտար լեզուներ ուսումնասիրող ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում Վալանսի քաղաքապետը խոսեց հետագա ծրագրերից և պատասխանեց ուսանողների ու դասախոսների հարցերին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հյուրերը հեռացան ջերմ տպավորություններով և երկկողմ համագործակցությունը շարունակելու ծրագրերով: