2018թ. սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզի Հովք գյուղում՝ իր հարազատ դպրոցում, կայացավ «ԻԿՄ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Բալասանյանի «Սիրո աստղալույս» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

IMG-67fdf0bc989f4fb4e9ee7694dea0903c-V[1]

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դեցենտ Վ.Ավագյանը, բ.գ.թ., դոցենտ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վ.Աղաբաբյանը, «ՀԼԳ» մասնագիտության ուսանողներ, դպրոցի աշխատակիցներ, սաներ, հյուրեր, պոեզիայի սիրահարներ:

IMG-69844edba3d0e7a4ff7faaa601f46e75-V[1]

Սուսաննայի գրքի շնորհանդեսին «ՀԼԳ» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները հանդես եկան ասմունքով, երգով ու սեփական վերլուծություններով:

Ժողովածուի՝ մայրական թեմայով գրված միակ բանաստեղծությամբ միջոցառումը սկսեց Մանե Եգանյանը.

Գարուն էր դրսում,

Մայրս աշուն էր,

Բայց երգ էր հյուսում.

Երգը նախշուն էր:

Հայացքով անխոս

Թեքվել է հողին,

Չեմ ների մորս

Արցունք տվողին:

Ապա ասմունքեցին Աստղիկ Ղազարյանը և Լուսինե Մելքումյանը:

IMG-0b2f407db84b34281690d1e0742b9f3e-V[1]

Միջոցառման ողջ ընթացքում երաժշտական տրամադրություն ապահովեց Լիանա Յարալյանը:

Վերլուծական խոսքով հանդես եկավ նույն դպրոցի սան, հովքեցի Արմիդա Բաղիյանը: Մեկնաբանելով ժողովածուի վերնագիրը՝ նա մասնավորապես նշեց. «…Հետաքրքրական է: Աստղերը երկնքում շրջապատված են մթությամբ, սակայն իրենց շուրջը լույս են սփռում: Այդ փոքրիկ լուսատուները խորհրդանշում են սերը, իսկ մթությունը՝ կյանքի դժվարություններն ու փորձությունները, և ինչպես աստղերն են հաղթում մթությանը`լուսավորելով այն, այնպես էլ մարդկային սերը պետք է պայքարի կյանքի դժվարությունների դեմ, հաղթի և լուսավորի մեր կյանքը»:

IMG-61f0d9bbf9b7410960957482fabd5443-V[1]

Ռոզա Մելքումյանը վերլուծականն ընդմիջեց ակնարկով՝ հիշելով իր և Սուսաննայի առաջին հանդիպումը. «Մի քանի տարի առաջ, երբ սովորում էի դպրոցում, ամռանը մեկ շաբաթով մեկնեցի ճամբար: Մենք 11 տավուշցիներով ճամբար էինք գնում երկնագույն փոքրիկ ավտոբուսով: Ճանապարհին մեզ տեղեկացրին, որ պետք է Հովք գյուղի մոտ կանգ առնենք, որովհետև այնտեղից մեզ է միանալու ճամբար գնացող երեխաներից մեկը: Հասանք Հովք: Այնտեղ մեզ սպասում էր մի աղջիկ… և առաջինը, որ ինձ գրավեցին, արևի տակ փայլող մազերն էին»: Ռոզան խոստովանեց, որ կարծել է՝ Սուսաննան կամ, ինչպես ինքն է ասում, Սուսոն ռուս է: Ճամբարում էլ Ռոզան ծանոթացել է Սուսաննայի բանաստեղծական թոթովանքների հետ՝ ամփոփված երկնագույն տետրակում:

IMG-3d3950a758f27a44a49a4f52fba2ca15-V[1]

Ապա վերլուծական խոսքով հանդես եկավ Լուսինե Հակոբյանը: Ըստ նրա՝ Սուսաննայի գրիչն իմպրեսիոնիստական տողեր է գրել, այսինքն՝ «կրել է պահի ազդեցությունը, գրել է այն, ինչ տեսել ու զգացել է.

Քամու հառաչ,

Լույս խավարած,

Ջրի կարկաչ,

Կանչող մի կանչ»:

20180920_133030

Գոհար Մխիթարյանն էլ նախ փորձել էր պարզել, թե ինչ է նշանակում Սուսաննայի անունը. «Սպիտակ ջրային շուշան: Սուսաննան էլ է շուշան` նրբիկ, հասարակ, ճերմակ մի հեքիաթ: Նրա գրվածքներից շուշանի հեզություն է բուրում»: Ապա թվարկեց այն ամենը, ինչ տեղ է գտել ժողովածուում՝ սպասում, հակադրություն, պատրանքներ, պայքար ու սեր: Գոհարը խոսեց և հնարավոր գրական ազդեցությունից, որ կարող էր ունենալ Սուսաննան ստեղծագործելիս:

Ես կգամ այսօր,

Ինչ էլ որ լինի,

Քիչ մտամոլոր

Ու չեմ մոլորվի:

Կվերադառնամ,

Կնստեմ քեզ մոտ,

Շուրթիդ կդառնամ

Մեղրածոր կարոտ:

   «Այս բանաստեղծությունն ընթերցելուն զուգընթաց, - ընդգծեց Գոհարը, - մեր մտքում վերածնվում է Համո Սահյանի «Կգամ» բանաստեղծությունը. նույնն են ձգտումները` վերադառնալ, ինչ էլ որ լինի, ինչպես Սահյանը կասեր, նույնիսկ եթե «Հազար կապով կապված, // Խաչով խաչված լինի»: Արդյո՞ք Սուսաննան ներշնչվել է հենց այս բանաստեղծությունից, դժվար է ասել, բայց ժողովածուում կան բանաստեղծություններ, որոնք կարդալիս մեր երևակայությունը համեմատություն է բռնում անցյալ դարի հայ մեծ գրողների որոշ բանաստեղծությունների հետ: Այսպես, օրինակ, այս քառատողը.

Հոգնած գլուխս դնեմ քո ուսին

Ու հանգիստ քնեմ մինչև լուսաբաց,

Քեզ համար մնամ միշտ էլ սիրող կին

Ու քո գրկի մեջ ես լինեմ արբած:

Ինչ-որ ձևով սա հիշեցրեց Չարենցի «Տաղարան» շարքի «Կուզեմ` հիմի փչե զուռնեն // Հարբած ըլիմ մինչև էգուց» տողերը: Սերը երկու դեպքում էլ արբեցնում է, երջանկացնում»:

Ռոզա Ճաղարյանն էլ հիացած խոսում էր իր տպավորությունների մասին. «…Բավականին ինքնատիպ, յուրօրինակ ու խորիմաստ բանաստեղծուհի: Նա ունի հարուստ ասելիք, ճկուն միտք: Գրել է բանաստեղծություններ, որոնք անհնար է ընթերցել առանց փշաքաղվելու: Երբեմն  նույնիսկ մեկ բառն այնքան ազդու է լինում, որ մարմնովդ դող է անցնում, սկսում ես փշաքաղվել ու մտածել՝ ինչ մեծ տաղանդով է օժտված այս աղջնակը»:

IMG-20180922-WA0058[1]

Սկսած դպրոցի տնօրենից մինչև Սուսաննայի մայրը՝ բոլորը գոհունակության խոսքեր արտաբերեցին, կրկին շնորհակալ եղան թե´ կազմակերպիչներին, թե´ ուսանողներին, թե´ Սուսաննային, որի ստեղծագործական ձիրքն էր դարձել այդ հիշարժան հանդիպման առիթը:

Համալսարանականները Հովքից վերադարձան ջերմ ու վառ տպավորություններով, նման հետաքրքիր առիթներով կրկին հանդիպելու հույսով:

Опубликовать материал
©2024 Все права защищены.