- Главная
- Կրթաթոշակներ ստացան «ՖԼԳ» մասնագիտութան ուսանողները
2018թ. հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Բուհում հյուրընկալվել էին միության անդամներ Մարտին և Դոմինիկ Պետիժանները, հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ԺՊ Արտակ Ցուցուլյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի պատասխանատու Աիդա Մարդանյանը, մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ և ուսանողներ:
Մասնաճյուղի և միության համագործակցությունը բավականին երկար պատմություն ունի: Միության նախագահ տիկին Պոլետ Կուտանի արյան կանչը նրան բերել է Հայաստան՝ Իջևան, և այդպիսով հիմք է դրվել միության ու ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների, տվյալ մասնագիտության ուսանողների համագործակցությանը:
Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր ուսումնական տարում վճարովի համակարգում սովորող ուսանողներին տրվում է կրթաթոշակ, որը նպատակ ունի զարգացնելու Ֆրանկոֆոնիան և աջակցելու սահմանամերձ մարզում ապրող ընտանիքներին:
2017-2018 ուստարում «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի վճարովի համակարգում սովորող ուսանողուհիները ներգրավվեցին «Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի» աշխատանքներում և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի գործունեության մեջ: Ծավալելով ակտիվ գործունեություն Իջևանում և Տավուշի մարզում՝ ուսանողուհիներն իրենց ներդրումն ունեցան մարզի զբոսաշրջային զարգացման ծրագրում, մասնավորապես կենտրոնի աշխատակից Սյուզաննա Պետրոսյանի օգնությամբ պատրաստեցին Տավուշի մարզի մասին զբոսաշրջային բուկլետ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար:
Կրթաթոշակների առաջին փոխանցումը կատարվեց մարտ ամսվա վերջին, իսկ մյուս մասը հուլիսի 30-ին: Մասնաճյուղի ուսանողներին հանդիսավոր կերպով կրթաթոշակները հանձնեցին միության անդամներ Մարտին և Դոմինիկ Պետիժանները:
Աիդա Մարդանյանը, ողջունելով ֆրանսիացի հյուրերին, ներկայացրեց «Հայ-Ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության պատմությունը և տիկին Պոլետ Կուտանի հայրենանվեր բարեգործությունները:
Կրթաթոշակ հատկացվեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2018թ. շրջանավարտներ Անի և Արաքս Ամիրաղյաններին, Վարդուհի Առաքելյանին, Լիլիա Ավագյանին, Դիանա Մաիլյանին, Սոնա Ենգիբարյանին, Անի Չոբանյանին, Լուսինե Սահակյանին և Կարոլինա-Մարիամ Ասատրյանին:
Կրթաթոշակներից բացի՝ ֆրանսիացի հյուրերը ներկաներին հանձնեցին նաև նվերներ:
Միջոցառմանը ներկա էր նաև Սյուզաննա Պետրոսյանին հյուրընկակած ֆրանսուհի Էդիթ Պաժոն, ով հանդես եկավ երաժշտական համարներով:
Պարոն Ա. Վ. Ցուցուլյանը ողջունեց միության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությունը, նշեց, որ վերջինս մեծապես նպաստում է տարածաշրջանում ֆրանսերենի տարածմանը և զարգացմանը:
Տնօրենի պաշտոնակատարն իր խոսքում ընդգծեց, որ հարուստ է ոչ թե նա, ով շատ ունի, այլ նա, ով պատրաստ է կիսվել իր ունեցածով, շնորհակալություն հայտնեց միությանը՝ մեր ուսանողներին ֆինանսապես աջակցելու և խրախուսելու համար:
Վերջում նա հյուրերին հանձնեց շնորհակալագիր: